«Բանակին գոմեշի միս մատակարարվել է օրինական ձևով և տարիեր շարունակ` ինձնից հետո ևս». Գեներալի պարզաբանումը

Ինչպես գիտեք, օրեր առաջ հրապարակել էինք մի հոդված, որն առնչվում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ու ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած գոմեշի մսի պատմությանը:

Քանի որ, մեր կողմից բազմիցս է նշվել, որ LosArmNews.com կայքն ազատ հարթակ է ցանկացածի կարծիքն արտահայտելու համար, հրապարակում ենք գեներալի մեր խմբագրությանն ուղարկված պարզաբանումն ու անդրադարձը հոդվածին:

«Հարգելի խմբագրություն,

 

Ձեր կայքում՝ https://losarmnews.com, հրապարակել եք հոդված սույն վերնագրով. ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում :Քանի որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն անմիջականորեն առնչվում է նաև իմ անձին, հարկ եմ համարում կետ առ կետ անդրադառնալ ու հերքել Ձեր կողմից նշված որոշ հանգամանքներ:

Իրականությունը այն է, որ ես ծառայելով հայկական բանակում, մշտապես առաջնորդվել եմ միայն օրենքով, մասնակցություն չեմ ունեցել գնումների ընթացակարգի հետ, երբևիցե չեմ առաջնորդվել անձնական շահով, եւ հպարտորեն կատարել եմ իմ պարտքը հայրենիքիս հանդեպ:

Ավելին տարիներ շարունակ առծարծվող գոմեշի մսի մատակարարման հետ կապված խնդիրը, ոչ միայն իրենից սկանդալ չի ներկայացրել, այլ նաեւ մատակարարվել է բանակին օրինական ձևով և տարիեր շարունակ` ինձնից հետո ևս:

Ծառայության ընթացքում ես կապ չեմ ունեցել բանակի մատակարարումների հետ ընդհանրապես, առավել ևս այսպես կոչված գոմեշի մսի մատակարարման հետ:

Ես սննդի տեխնոլոգ չեմ, գնահատող մասնագետ չեմ, սակայն ինչքանով որ տեղյակ եմ, բանակ մատակարարված գոմեշի միսը իրականում ունի բարձր որակական հատկանիշներ, հարգի է աշխարհի բոլոր պետություններում, անցել է լաբորատոր բոլոր քննությունները Հայաստանում, ինչպես նաև օրինական մատակարարվել է բանակին տարիներ շարունակ:

Ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար, հարգի եմ համարում շեշտել և տեղեկացնել, որ իմ այցը ԱՄՆ մասնավոր է: Այցելել եմ մարտական ընկերներիս տեսակցելու ինչպես նաև առողջությանս հետ կապված խդիրները լուծելու համար:

Հորդորում եմ Ձեզ, հեռացնել Ձեր կայքից այդ հոդվածը որը չի համապատասխանում իրականությանը եւ հանդես գալ հերքումով, ևս մեկ անգամ ավելի խորքային ուսումնասիրել թեման:

Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, որը թույլ կտա ամբողջական ու երկկողմանի կարծիք կազմել այս պատմության վերաբերյալ:

Արշալույս Փայտյան»

ՀԳ. LosArmNews.com կայքը հետամուտ կլինի նյութում արծածված խնդիրների ուսումնասիրությանն ու լուսաբանմանը: Համապատասխան ուսումնասիրություն անցկացնելուց հետո: