Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է նոր տարածքների միավորումը չճանաչող բանաձեւի նախագիծը

Ալբանիան եւ ԱՄՆ-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը չի ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների հանրաքվեները, Ռուսաստանը վետո է դրել դրա վրա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ է քվեարկել տասը երկիր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ Բրազիլիան ու Չինաստանը։

Փաստաթղթում Ռուսաստանի Դաշնության գործողություններն անվանվում են անօրինական, նշվում է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ չորս շրջանների կարգավիճակը փոխելու համար։ Բանաձեւը նաեւ դատապարտում է «Ռուսաստանի կողմից անօրինական, այսպես կոչված, հանրաքվեների կազմակերպումը Ուկրաինայի շրջաններում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները եւ մասնագիտացված կառույցները, փաստաթղթի հեղինակները խնդրում են չճանաչել ուկրաինական չորս շրջանների կարգավիճակի փոփոխությունը եւ դրանց միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Բանաձեւը նաեւ կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դուրս բերել ուժերն Ուկրաինայից, գրում է «Կոմերսանտը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։