ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է

«Հեղափոխական հաջողակների»  կողմն անցնող պետական պաշտոնյաների պակաս չկա սկսած այն օրվանից, երբ գործադիրի ղեկը պաշտոնապես անցավ Փաշինյանի ձեռքը: Ցուցարաների հետ «Դուխով» գլխարկներ ու լոզունգներ սկսեցին կիսել մարդիկ, ովքեր ոչ միայն այդ արժեքների կրողը չեն, այլ ավելին՝ ունեն այնպիսի կենսագրություն, որի վրա լույս սփռվելուց հետո, իրենց շրջապատող միամիտները պատրաստ կլինեն  բզիկ-բզիկ անել իրենց:

Նույն այս տրամաբանությամբ, վերջին օրերին որպես «հեղափոխական» ջրի երես եկավ մեկն, ում մասին դժվար թե որևէ մեկն այս օրերին հիշած լիներ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն, ում ավելի լավ կհիշեք «գոմեշի մսի» սկանդալային գործից:

Հիշեցնենք, որ  ոչ վաղ անցյալում 2012-13թթ մամուլը պայթում էր լուրերից այն մասին, որ Փայտյանն անմիջական մասնակցություն ունի  խարդախ մի համագործակցության, որի շրջանակներում տավարի մսի փոխարեն ԶՈՒ էր մատակարարվել գոմեշի միս, որն անհամեմատ առավել էժան է, քան՝ տավարինը:

Այս պատմությունը քննարկվեց, քննադատվեց ճիշտ այնպես, ինչպես օրինակ այսօր՝ Մանվել Գրիգորյանի գործը, միայն այն տարբերությամբ, որ դեռ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կանխեց այս գործի պարզաջրումը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ դատ ու դատաստանի չհասցնել ՀՀ ԶՈՒ-ից որևէ գեներալի: Եվ այդպես էլ եղավ. Փայտյանը գոմեշի գործի շրջանակներում այդպես էլ պատասխանտվության չենթարկվեց, փոխարենը տեղափոխվեց ԱՄՆ ու մինչ օրս էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին հետևում է Լոս Անջելեսից:

Ջրից չոր դուրս եկած գեներալն, ով զինվորներին գոմեշի մսով էր կերակրել այսօր արդեն նոր կառավարությանն հետ է հույսեր կապում ու փորձում է վարչապետ Փաշինյանին սատարել: Իսկ գործադիրին գաղափարակիցներն, ինչպես երևում է, դեմ չեն ու իրենց նմանօրինակ պահվածքով անկեղծ կասկածամտություն են ծնում ցանկացածի մոտ ու հաստատում այն մտահոգությունները, որ հեղափոխականների շարքում քիչ չեն նախկինում սև գործերի մեջ թաթախված, անպատված ու քաղաքականությունից արձակուրդ գնացած ճարպիկներն, ում միայն հարմար առիթ ու պսիխոզի հասցված լսարան էր պետք՝ հետ գալու ու կիսատը շարունակելու համար:

Հասարկության կարճ հիշողության ու անտեղի հանդուրժողականության վրա զարմանալ կարելի միայն ու զգուշանալ, որ պատմությունը չկրկնվի: Այսօր Մանվել Գրիգորյանին «տուշոնկա գողացող» անվանողները 10-15 տարի հետո ենթադրյալ հանրահավաքներին իրեն էլ գրկաբաց կընդունեն, ճիշտ այնպես, ինչպես ընդունեցին զինվորին գոմեշի մսով կերակրող ու տասնյակ այլ խարդախությունների մեջ կասկածվող գեներալին:

LosArmNews.com