Բայդենին կոչ են արել աջակցել ԱՄՆ-ում էներգիայի ներքին արտադրության ընդլայնմանը

Ավելի քան մեկ տասնյակ պաշտոնաթող սպաներ եւ ազգային անվտանգության ներկայացուցիչներ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում աջակցել ԱՄՆ-ում էներգիայի ներքին արտադրության ընդլայնմանը` ի շահ ազգային անվտանգության եւ որպես պաշտպանություն Ռուսաստանի պես հակառակորդներից:

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ջեյմս «Սփայդեր» Մարքսը նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի էներգետիկ ռեսուրսներ՝ «Ռուսաստանի վերահսկողությունը աշխարհի էներգակիրների վրա սահմանափակելու համար»։

Fox News Digital-ի հետ զրույցում նա նշել է, որ Բայդենի վարչակազմի վերջին քաղաքական որոշումները սահմանափակել են նավթի եւ գազի մշակումը եւ չեղարկել են այն, ինչ նա անվանել է «կրիտիկական» ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է Keystone XL խողովակաշարը:

«Հյուսիսային Ամերիկայում էներգետիկայի զարգացումը չափազանց կարեւոր է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ Եվրոպայում ու աշխարհում մեր դաշնակիցների տնտեսական եւ ազգային անվտանգության համար»,- ասել է Մարքսը: «Մենք նախագահ Բայդենին եւ նրա վարչակազմին կոչ ենք անում աջակցել մեր երկրի բոլոր էներգետիկ ռեսուրսների, հատկապես քամու, արեւի, բնական գազի եւ հում նավթի մշակմանն ու փոխադրմանը»: