Գլխավոր Հայաստան Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ փոխգործակցությունը

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի եւ հանրապետության այլ մարզերի երկաթուղու վերականգնման նախագծերին։ Այս մասին ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ։

«Առաջնորդները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ։ Կողմ են արտահայտվել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակմանը եւ երեք ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացմանը՝ ի շահ տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման։ Ընդգծել են ռուսական խաղաղապահ զորախմբի վճռորոշ ներդրումը անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում։ Ընդգծել են հրատապ հումանիտար խնդիրների արագ լուծման եւ արցախյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նրանք նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ համաձայն նրա միջազգային մանդատի։

Պուտինն ու Փաշինյանը նշել են Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության կարեւորությունը Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության ներքո։

Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության այլ մարզերի երկաթուղու վերականգնման ծրագրերին։

Կողմերը պայմանավորվել են, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի տարածքում սահմանազատման եւ անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Ղեկավարները միակարծիք էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակական ներկայացուցիչների միջեւ շփումների բարձր օգտակարության հարցում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցմանը»։ Այս պրակտիկան կշարունակվի։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում կարգավորմանը նպաստելու համար։

Նշել են բոլոր շահագրգիռ խաղացողների, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիության եւ մասնակցության կարեւորությունը մարդասիրական խնդիրների լուծման եւ տարածաշրջանի բոլոր կարիքավորներին համապարփակ օգնության տրամադրման գործում»։

Նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի օգնությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Կողմերը նշել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջող մեկնարկը, որը կոչված է լրացուցիչ հնարավորություններ ընձեռել տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխոսության եւ բազմազան համագործակցության խթանման համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահն ու Հայաստանի Հանրապետության վարչապետը վստահություն են հայտնել, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցություններն էլ ավելի կամրապնդեն ռուս-հայկական բազմակողմ արտոնյալ դաշինքը։

Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել Պուտինի ջերմ ընդունելության համար եւ կրկնել է իր հրավերը Ռուսաստանի ղեկավարին՝ 2022 թվականի երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրերին Երեւան այցելելու համար։ Հրավերը երախտագիտությամբ է ընդունվել»։