Ռուսաստանում տնտեսության վիճակը կայունանում է․ Պուտին

Ռուսաստանի տնտեսությունը կայունանում է, ռուբլու կուրսը վերադառնում է փետրվարի սկզբի մակարդակին, առևտրի ցանցերում ապրանքների պաշարները վերականգնվում են, դրանց նկատմամբ պահանջարկը կարգավորվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսությանը վերաբերող խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ։ «Ռուսաստանը դիմակայեց այս աննախադեպ ճնշմանը, իրավիճակը կայունանում է»,- ասել է նա։

Պուտինը նշել է նաև, որ կանխիկ արտարժույթը վերադառնում է բանկային համակարգ, իսկ քաղաքացիների ավանդների ծավալն աճում է։

«Ինչ վերաբերում է սպառողական շուկային, ապա մի շարք ապրանքատեսակների շուրջ ստեղծված կարճ աժիոտաժից հետո, ինչը միշտ է լինում նման իրավիճակներում, մանրածախ ապրանքների պահանջարկը վերադարձել է նորմայի սահմաններ, առևտրի ցանցերում ապրանքների պաշարները վերականգնվում են»,- հավելել է ՌԴ նախագահը: