Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա արձագանքին՝ կապված իր ապրիլի 13-ի ելույթի հետ։

«Անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան։

Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան  և պատահական չէ, որ  Սերժ Սարգսյանը այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի  փուլերով»:

Այսինքն, ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ  թեմայով բանավեճն ավարտվում է, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ փաստի վրա։ Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը. այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի, ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից  փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։ Միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է  բոլորովին ուրիշ համատեքստ։ Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերադառնալով 2018 թիվ՝ ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար»։ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է։

Ո՞նց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել էր՝ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են, անընդունելի  մեզ համար։ Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», – ասաց Փաշինյանը։

Նա  հիշեցրեց ևս մեկ հայտարարություն, որ արել է Ս. Սարգսյանն այս ամբիոնից՝ «այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք,  որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը».

«Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ, այսպես ասած, պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է՝ մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Երբ ես ասում եմ, որ, այո, կարելի էր պատերազմը կանխել՝ դա ժանր է, կոչվում է գրոտեսկ, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած այդ անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 1996 թվականին Շուշի հարցը սեղանին է եղել. «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում: Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր: Եվ դեռ այս փուլայինին ևս մի փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը: Եվ մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու. թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի կապրեն իրար հետ, կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք»։

Փաշինյանի խոսքով, պատերազմը Շուշիի համար է եղել։

«Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին կանգնեցնեիք, կանխեիք պատերազմը։ Ինչի՞ մենք չէինք մտածում դրանց մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Մեր տղաները, ովքեր ընկել են, նրանք կանգնել են  Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար և այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու  մասին է։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ։ Կտոր-կտոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Աղբյուր` Panorama.am