Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: