Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում․ հարուցվել է քրեական գործ. ՊՆ

Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հայտարարության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: