Օր օրի քանդվում են պետականության վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե հանրային քննարկման օրակարգ չբերենք պետական ու ազգային շահի դիսկուրսը․ քաղաքագետ

Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղ. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Խաղ, որն իր տրամաբանությամբ չի տարբերվում 2018-ին հրապարակ բերված խաղից՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա» խաղից: Կապիտուլյանտ մոդերատորը կրկեսի վերածված Հայաստանի Հանրապետությունում ծաղրածուի պես էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նույն ներկայացումով՝ կամ-կամի, սև ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով:

Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը: Ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմությունը, լուռ համաձայնվում է ընդդիմությունը, ժողովրդավարության վահանով պաշտպանվող քաղհասարակությունը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանությունը: Բոլորս ենք լրահոսում ամեն օր կարդում ծաղրածուի ամեն ներկայացման ու շրջայցի մասին նյութեր: Իսկ հասարակությունը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:

Ինչպես դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպես էլ հիմա է ընտրությունը հյուսիսի ու արևմուտքի միջև: Իսկա մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկա: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խոսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին:

Հանրությանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամեն օր մաշվող մեր պետականությունը կայունացնելու փոխարեն նրանք խոստանում են վերջ տալ թավիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցվածքը կարիքավոր ժողովրդին: Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարությունը ծախում են հենց ժողովրդի վրա խորամանկ հոգեվորս աղանդավորի պես:

Իսկ այս ընթացքում պետականությունը օր օրի մաշվում է, օր օրի քանդվում են նրա վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական»: