Մեր տղաները հիմա թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ի վիճակի չեն երկար ծառայելու. պատերազմ տեսած երեխաները մինչև հիմա թշնամուն դեմ դիմաց ծառայում են. դա նորմալ չէ. զինծառայողի մայր

Ես դեռ չգիտեմ, թե Փաշինյանի հետ հանդիպումից ինչ ակնկալիք ունեմ, որովհետև մեր պահանջների մասով ոչ մի լուրջ փոփոխություն չկա, ոչ մի առաջընթաց չկա: Մեր պահանջը նույնն է՝ գոնե կրճատեն ժամկետային ծառայության ժամկետները: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ասաց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկի մայրը:

«Մեր տղաները հիմա թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ի վիճակի չեն երկար ծառայելու, այդքան պատերազմ տեսած երեխաները մինչև հիմա թշնամուն դեմ դիմաց ծառայում են, դա նորմալ չէ: Իմ որդին ինն ամիս է՝ ծառայում է, պատերազմի սկզբից մասնակցել է: Գոնե կրճատեն ժամկետներն ու բերեն, որ այստեղ ծառայեն երեխեքը, գոնե վեց ամիս պետք է ժամկետները կրճատվեն»,-ասաց նա:

Մայրը փոխանցեց որդու խոսքը, որն ասել է․ ասում է՝ ամեն ինչ «ցենտր է», բայց երբ եկել է տուն, արդեն պարզ է եղել նրա հոգեվիճակը: Մայրը փոխանցեց, որ որդուն հոգեբանի մոտ են տարել, ու հոգեբանը շատ սուր է ներկայացրել վիճակը, նա շեշտեց, որ բոլոր զինվորները նույն ծանր հոգեբանական վիճակում են:

«Զարմանում եմ, թե ոնց ղեկավարությունն այդ մասին չի մտածում: Փաշինյանն այնքան հանգիստ է հարցի կողքով անցնում, որ չեմ հասկանում նրան, նա էլ է ծնող, պետք է հասկանա, որ եթե վիճակը ծանր չլիներ, մենք չէինք գա այսքան խնդրեինք, աղաչեինք»,-ասաց մայրը: