Ինչու է վտանգավոր տաք թեյ խմելը. գիտնականներ

Մասնագետները թվարկել են տաք թեյի օգտագործման վտանգավոր հետևանքները: Այս մասին գրում է թուրքական Cumhuriyet թերթը:

Գիտնականները մի քանի տարի շարունակ հետևել են 500 հազար մարդու, ովքեր հաճախ թեյը խմում էին 65°C-ից բարձր ջերմաստիճանում: Պարզվել է, որ դա մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գաստրոէնտերոլոգիայի մասնագետ պրոֆեսոր Վեդաթ Գերալը հիշեցրել է, որ ուռուցքային հիվանդությունները մահվան պատճառների վարկանիշում աշխարհում վեցերորդ տեղում են:

«Անցկացված հետազոտությունների համաձայն՝ Թուրքիայի արևելքում, Չինաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում թեյի և տաք ըմպելիքների հաճախակի օգտագործման պատճառով կերակրափողի քաղցկեղ շատ հաճախ է նկատվում»,- ասել է նա:

Բժիշկը հավելել է, որ ռիսկն ավելի է մեծանում ծխախոտի և ալկոհոլի օգտագործման դեպքում:
«Եթե ծխողը հաճախ խմում է տաք թեյ, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը երկու անգամ մեծանում է, իսկ եթե նաև ալկոհոլ է օգտագործում, ապա հինգ անգամ»,- ասել է մասնագետը:

Փորձագետը խորհուրդ է տվել չխմել այն թեյը, որով լի գավաթը հնարավոր չէ ձեռքով վերցնել: Ավելի լավ է մի քանի րոպե սպասել և թույլ տալ, որ ըմպելիքը սառչի: Պետք չէ նաև խմել օրական երեք-չորս բաժակից ավելի:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ կանաչ թեյը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները: