Այդ ապօրինություններն ի սկզբանե չպիտի լինեին, և առողջ հասարակությունը չպիտի հանդուրժեր այս ամենը, այնինչ իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատարանի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց ՔՕ 300.1-ով մեղադրվողներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։

«ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից:

Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց»: