Շուշիի հանձնումը մեծ հարված էր Կոմանդոսի առողջությանը, իսկ նա դեռ կարող էր ապրել. Սեյրան Օհանյան

Ես ապրել եմ խորը ցավ, երբ իմացել եմ Շուշիի անկման մասին, վստահ եմ՝ Կոմանդոսը ևս մեծ ցավ է ապրել այդ ամենը լսելով և առհասարակ Արցախյան պատերազմի մասնակիցների համար սա մեծ հարված էր: Այս մասին yerkir.am-ին տրված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ և Արցախի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես խորը ցավ եմ ապրել, երբ իմացել եմ՝ Շուշին հանձնել են, մենք կորցրել ենք իմ ծննդավայրը և Կոմանդոսի ղեկավարման ընթացքում ազատագրած Շուշին:Կոմանդոսը խորը ցավ է ապրել և դա եղել է հարվածներից մեկը նրան և նրա առողջությանը, իսկ ինքը դեռ կարող էր ապրել և օգուտ տալ մեր ժողովրդին և, իհարկե, սա խորը հարված էր ամբողջ պատերազմի համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշեց՝ Շուշիի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ դժվար է գրավել:

«Մարտական կանոնադրության համաձայն՝ հրամանատարները պետք է ժամանակին ճիշտ գնահատեն իրադրությունը, Շուշիի պաշտպանությունը հեշտ է իրականացնել, և իր աշխարհագրական դիրքով նա բարձունքում է, բայց եթե հակառակորդը կարողանում է անցնել խորքերը և լայն գործողություններ իրականացնել, այդ դեպքում չափազանց դժվար է այդ պաշտպանությունը իրականացնել»,- նշեց նա:

Հայաստանի և Արցախի  պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց՝ ստեղծված իրավիճակի համար կան մի քանի պատասխանատուներ, որոնք ժամանակին չեն իրականացրել իրենց պարտքը:

«Իրավիճակի համար պատասխանատու են մի քանի հոգի՝ ՀՀ և Արցախի Պաշտպանության նախարարները, Գլխավոր շտաբի պետը, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, որոնց համակողմանի վերլուծության արդյունքում ճիշտ առաջարկություն պետք է անեին գերագույն հրամանատարին, որն էլ  որոշումը կընդուներ»,-մեկնաբանեց նա:

Սեյրան Օհանյանը նաև ընգծեց՝ 30 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է լուրջ ձեռքբերումներ, որոնք այսօրվա իշխանությունը կարողացել է ոչնչացնել:

«30 տարիների ընթացքում ՀՀ-ն լուրջ ձեռքբերումներ է ունեցել՝ պետականություն, ինքնիշխանություն, Արցախի ինքնորոշում և իր պատմական տարածքում ապրելու ցանկություն, բանակը, ռազմահայրենասիրական դաստիրակությունը, բանակցային լուրջ պաշարը եղել են մեր ձեռբերումները, նաև ունեցել ենք բազմաթիվ բացթողումներ, բայց այսօրվա իշխանությունները բոլոր արժեքները ոչնչացրել է, իսկ բոլոր թերությունները՝ բազմապատկել»,- ասաց Սեյրան Օհանյանը: