Պարզ ու արդյունավետ հնարքներ անքնությունից ազատվելու և քնի որակը բարելավելու համար

Գիշերային առողջ քունը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար, քանի որ օգնում է ինչպես հարկն է հանգստանալ ու էներգիա ստանալ, սակայն ներկայում քնի խանգարումներն անչափ տարածված են, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա։ Անքնությունն ու քնի այլ խանգարումները կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի դրանցից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել, մինչդեռ ոչ միշտ է հաջողվում առավելագույնս շուտ կարգավորել քունն ու ազատվել անքնությունից։

Mattress Online-ի մասնագետները բրիտանական Express պարբերականի հետ զրույցում ներկայացրել են մի քանի պարզ ու արդյունավետ հնարք, որոնք կօգնեն հեշտությամբ քուն մտնել ու կարճ ժամանակահատվածում կարգավորել քնի որակը։

Երիցուկով թեյ

Փորձագետների խոսքով՝ երիցուկը պարունակում է ապիգենին կոչվող նյութ, որը հաճախ է կիրառվում անքնության բուժման համար։ Սա է պատճառը, որ քնի հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում քնելուց որոշ ժամանակ առաջ երիցուկով թեյ խմել։ Ընդամենը երկու շաբաթ շարունակ երեկոյան երիցուկով թեյ խմելը կօգնի զգալիորեն բարելավել քնի որակը։

Կարմիր լույս

Բոլորին էլ հայտնի է, որ գաջեթների արձակած կապույտ լույսը խանգարում է քունը, սակայն ոչ բոլորը գիտեն, որ կարմիր լույսը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ խթանելով քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը։ Փորձագետների խոսքով՝ ընդամենը կես ժամ կարմիր լույսի ներքո ժամանակ անցկացնելը կօգնի զգալիորեն բարելավել քնի որակը, իսկ այդ լույսն ստանալու լավագույն տարբերակը կլինի հասարակ լամպը բարակ կարմիր կտորով ծածկելը։

Մեդիտացիա

Մասնագետները վստահ են, որ մեդիտացիան ամենաարդյունավետ միջոցներից է անքնության դեմ պայքարի և արագ քուն մտնելու համար։ Ընդ որում՝ օրական ընդամենը 20 րոպե մեդիտացիա անելը բավական կլինի ցանկալի արդյունքին հասնելու համար։ Ճիշտ մեդիտացիա անելու համար կարելի է օգտվել հատուկ հավելվածներից կամ տեսանյութերից։

Ընթերցանություն

Քնելուց առաջ որևէ հաճելի գիրք կարդալը կարող է ամենահանգստացնող զբաղմունքը լինել՝ օգնելով առավելագույնս արագ քուն մտնել։ Սթրեսից ազատվելու և մարմինը թուլացնելու համար բավական կլինի ընդամենը վեց րոպե գիրք կարդալը, սակայն հարկ է հիշել, որ գիրքը չպետք է էլեկտրոնային լինի, քանի որ էկրանների լույսն էլ ավելի կխանգարի քունը՝ խթանելով գլխուղեղի ակտիվությունը։

Մոմի լույս

Մոմի թրթռացող լույսին նայելը ևս օգնում է թուլացնել նյարդերը, ինչն էլ նպաստում է արագ քուն մտնելուն։ Հատկապես օգտակար կարող են լինել նարդոսով բույրով մոմերը, քանի որ այս դեղաբույսի հաճելի բույրն օգնում է բարելավել քնի որակն ընդամենը երկու շաբաթում։ Սակայն հարկ է հիշել, որ քնելուց առաջ մոմը հարկավոր է հանգցնել։

Անթափանց վարագույր

Դրսից ներթափանցող լույսերը կամ վաղ արևածագը ևս կարող են իրենց ազդեցությունն ունենալ գլխուղեղի վրա՝ թույլ չտալով ինչպես հարկն է հանգստացնալ ու նորմալ քուն մտնել։ Նման խնդիրների դեպքում քնի ռեժիմը բարելավելու համար հարկավոր է քուն մտնել բացարձակապես մութ սենյակում, ուստի անթափանց վարագույրները կարող են անհրաժեշտություն դառնալ։