Ինչպե՞ս հիփոթեքով բնակարան ձեռք բերել

Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու նախապայմանը հիփոթեքային պայմանագրի կնքումն է։ Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը:

Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:

Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուս անհրաժեշտ պայմանները:

Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:

Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:

Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:

Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:

Իրավաբան.net