Կոնկրետ ում 18 տարեկան երեխայի կյանքն են ուզում չարքաշ հանքափորի կյանքի վերածել. Միքայել Նահապետյանի հարցադրումը Լենա Նազարյանին

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազդակները, որ գալիս են կառավարությունից ու «Լիդիանից», թույլ են տալիս ենթադրել, որ Ամուլսարի հարցում կառավարությունում նստած մկան ոգով փոքրիկ դիկտատորները որոշում ունեն։ Էդ որոշումը կյանքի կոչելու այլ ճանապարհ քան մեր նկատմամբ բռնի ուժ գործադրելը գոյություն չունի ու ես ոչ մի գրամ կասկած չունեմ, որ «ժողովրդավարության բստիոնի» գլխին կանգնած «ստրատեգները» գործի են դնելու բռնության, վարկաբեկման, մանիպուլացիայի ու երեսպաշտության ամբողջ մեքենան։ Դժվար փուլ է մոտենում ու ես կոչ եմ անում հարցով հետաքրքրված բոլոր խմբերին՝ նախապատրաստվել երկարատև պայքարի։

Ուզում եմ միայն ասել, որ մի ժողովուրդ, որը իր հայրենիքի մի հատվածի հողի ու էդ հողի վրա ապրող մարդկանց որոշելու իրավունքի համար պատերազմել է՝ էդ նույն ժողովուրդը իրավունք չունի հարմարվելու հայրենիքի մյուս հատվածի հողի ու այդ հողի վրա ապրող մարդկանց որոշելու իրավունքի համար պայքարի բռնաճնշմանը։ Ու եթե պրոցեսները գնացին կանխատեսվող սցենարով՝ բոլորը ու հատկապես Լենա Նազարյանը պիտի մատով ցույց տան թե կոնկրետ ում 18 տարեկան երեխայի առողջության հաշվին են ուզում իրենց կերած բողկերի հետևանքները ֆինանսապես փակել ու կոնկրետ ում 18 տարեկան երեխայի կյանքն են ուզում չարքաշ հանքափորի կյանքի վերածել։
Դուք մեզ կտեսնեք ու կճանաչեք այնպես ինչպես երբեք չեք տեսել ու չեք ճանաչել»: