Բարձր դասարանների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ, ուսումնական տարին կավարտվի ավելի ուշ. ԿԳՄՍՆ փոխնախարար

«Նախատեսված են գարնանային արձակուրդներ առաջին դասարանցիների համար մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիների համար` մարտի 22-ից 28-ը: Հաշվի առնելով աշնանային մեծ դադարը, մյուս դասարանների համար նախատեսված չէ գարնանային արձակուդ»,- այս մասին հունվարի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև նշել է՝ ուսումնական տարվա ավարտը ևս միատեսակ չէ. «Մասնավորապես 12-րդ դասարանների պարագայում, որտեղ մենք ունենք ավարտական և միասնական քննությունների կազմակերպման նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին, տարին շուտ կավարտվի նաև 1-ին և 2-րդ դասարանների համար, որոնց ուսումնական տարվա տևողությունը կարճ է, քան մյուսների պարագայում, մյուս դասարանները կավարտեն հունիսի 18-ին»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ քննարկվում են նախադպրոցական պետական հաստատություներում երեխաների ընդունելության կազմակերպման հարցերը:

«Առաջիկայում կհայտարարենք այլընտրանքային նախադպրոցական ծառայության մրցույթ, որին կարող են մասնակցել այն համայնքներն ու բնակավայրերը, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, մենք կտրամադրենք դրամաշնորհներ նախադպրոցական ծառայություններ իրականացնելու համար: Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, մենք կփորձենք այնպիսի լուծում գտնել, որպեսզի առողջապահական իրավիճակը չվտանգենք, բայց մյուս կողմից էլ հասկանալով, որ համավարակը դեռևս տևական ժամանակ ուղեկցելու է մեզ՝ գտնենք պատշաճ լուծումներ, որպեսզի նախադպրոցական կրթությունը լինի հասանելի»,- ասաց նա:Իրավաբան.net