Սյունիքում իրավիճակը դեռ լարված է. քաշքշուկ է եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ

Իրավիճակը Սյունիքի մարզում դեռ շարունակում է լարված մնալ: Վաղ առավոտից այստեղ մեծ թվով սյունեցիներ են հավաքվել՝ թույլ չտալու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք: Տեղակայված են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:

Քիչ առաջ  բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ բնակիչների միջեւ: Նրանք փորձում են շարժվել եւ հասնել դեպի Սյունիքի դարպասներ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:

Սյունեցիները փորձում էին անցնել առաջ, երբ ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ բախում տեղի ունեցավ, սկսվեց քաշքշուկ։ Քաղաքացիները փորձում էին ճեղքել ճանապարհն ու առաջ շարժվել, ակայն ոստիկանները թույլ չէին տալիս, ինչի հետեւանքով սկսվեց վիճաբանություն, աղմուկ, գոռգոռոցներ ու քաշքշուկ:

Գորիսեցիները դժգոհում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարվում է, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն չեն անում:

Այժմ իրավիճակը հանդարտվել է, սակայն լարվածությունը պահպանվում է: Գորիսի բնակիչները նշում են, որ իրենց բողոքը խաղաղ է եւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ում կոչով էլ առավոտյան ժամը 06:00-ից հավաքվել են բոլորը: Նրանք ցիտում են վարչապետի՝ քիչ առաջ արված ուղիղ եթերի ժամանակ հնչեցված խոսքերը եւ նշում, որ եթե իրականում վարչապետի նպատակը կրքեր չբորբոքելն է, ապա պետք է պահանջի ազատ արձակել Առուշանյանին:

freenews.am