«Սադրանքներից խուսափելու համար իր համար մեկ խնդիրն այստեղ չգնալն է՝ վերջ․ Մեր զինակից ընկերներին ու բալեքին կոտորելուց հետո, գալիս է այստեղ ի՞նչ անի, ի՞նչ ասելիք ունի»

Արցախյան պատերազմում զոհված զինվորների հարազատներն ու մի խումբ ազատամարտիկներ Եռաբլուրում են, նրանք այնտեղ են ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին, այլև արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Նրանց կարծիքով՝ այդքան մեծ թվով զոհեր հայկական կողմն ունեցել է հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով, քանի որ պատերազմական իրավիճակում նա է գլխավոր գերագույն հրամանատարը։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը նույնպես Եռաբլուրում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այնտեղ է, որպեսզի երկրի թիվ մեկ դավաճանը չմտնի իր սրբության սրբոց նահատակների պանթեոն։

«Այն, որ եռօրյա սուգ է ու բոլորս սգակիր ենք՝ ընդունում եմ, այն, որ կարող են երթ կազմակերպել ու գնալ բազում սադրանքների՝ դրանից էլ ենք տեղյակ։ Այն, որ նրանց արգելելու ենք, դա ժամանակը ցույց կտա, թե ինչպես ենք արգելելու։ Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերներ հավաքված են այստեղ, որպեսզի թույլ չտան դավաճանի մուտքը սրբության սրբոց»,- նշեց Աշոտ Մինասյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համառում ու հրաժարական չի տալիս, այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ նրա հրաժարականն են պահանջում, Աշոտ Մինասյանը պատասխանեց՝ այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։

«Ես չգիտեմ, մարդը կառչել է իր աթոռից, համառում է՝ առանց հասկանալու, գիտակցելու, որ կործանման է բերել ամբողջ երկիրը։ Վերջապես մարդը պետք է գիտակից լինի գոնե ինչ-որ չափով, որպեսզի վերջնական կործանման չտանի իր հայրենիքը, եթե, իհարկե  ինքը հայ է կոչվում։ Ինքը հո Մելիք Ֆրանգուլը չէ՞, մեր բանակի, բերդաքաղաքի դարպասների բանալին ինքը հանձնեց թշնամուն, ինչո՞ւ է համառում, ի՞նչ անենք՝ գնանք թուրքերին դառնանք վիլայեթ»,- հավելեց նա։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, Աշոտ Մինասյանն ասաց, որ շատ մոլորված մարդիկ կան, որոնք չեն պատեկարցնում, թե ինչ է կատարվել և ժողովուրդը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ անգամ ինքը չի պատկերացնում։

«Նախկին էյֆորիայի տակ այդ ամբողջ խումբը, որոնք կան ժողովրդի մեջ, չի պատկերացում՝ ինչ է կատարվում երկրում։ Մենք այնպիսի կարգավիճակում ենք գտնվում, որ դեմք չունենք, երկիրս դիմագիծ չունի, երկրիս դեմքը ներկայացնող չկա։ Աշխարհի բոլոր երկրներում հայն իր դիմագիծը կորցրեց, նրան ներկայացնող չունենք։ Վերջապես նա պետք է հեռանա և գա մեկը, որ պետություն կներկայացնի։ Քրդերը հզոր ժողովուրդ են, բայց նրանք այսօր հայրենիք չունեն, Նիկոլ Փաշինյանը տանում է  նրան, որ մե՞նք էլ հայրենիք չունենանք»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի և պատերազմում կրած պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ավելին՝ եթե գիտակից մարդը հասկանար, որ տեղի ունեցածի պատասխանատուն ինքն է, ապա վաղուց պետք է հրաժարական տված լիներ։

«Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է հող ու հայրենիք, իրեն թվում է, թե Արցախ աշխարհը հողակտոր է, բայց այն հողակտոր չէ, այն հայրենիք է, ինչի մասին ենք խոսում։ Ինչ էլիտար բունտի մասին է նա խոսում, նա այդ բառի իմաստը հասկանո՞ւմ է։ Սադրանքներից խուսափելու համար իր համար մեկ խնդիրն այստեղ չգնալն է՝ վերջ։ Մեր զինակից ընկերներին ու բալեքին կոտորելուց հետո, գալիս է այստեղ ի՞նչ անի, ի՞նչ ասելիք ունի»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Եռաբլուր։

168․am