«Գոնե հանդերձը հուղարկավորենք». անհետ կորած համարվող զինվորի հայրը՝ վարչապետին

Խնդրում եմ վերանայել համապատասխան օրենքները, որ այն զինվորները, որոնց զոհվելու փաստը կա, անհետ կորած չհամարվեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմում պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Համբարյանի հայրը՝ Մամիկոն Համբարյանը:

Ասում է՝ տեղեկացել է, որ անհետ կորածի կարգավիճակով զինվորներին հուղարկավորելու և գերեզման ունենալու հնարավորություն չի տրվում՝ ըստ օրենքի:

Դավիթը ծառայել է Մատաղիսում, հերթապահությունը կատարել է Թալիշում: Հոտկեմբերի 7-ին այդ դիրքերի ուղությամբ ծավալված հարձակման ժամանակ զոհվել է ու նրա անունը ծնողները գտել են զոհերի անունների ցուցակում:

«Անշուշտ կան վկաներ, որ որդիս զոհվել է հրազենից, բայց քանի որ այդ դիրքերը թնշամու իշխանության տակ են, մարմինների դուրսբերումն անհնար է: Հաշվի առնելով ավելի քան 40 օրը, բնականաբար, դիերի մասին խոսք արդեն չի գնում: Խնդրանքս է հնարավոր ամեն ինչ անել, որ բոլոր զոհված ու կորած համարվող զինվորների դիերը դուրս բերվեն, եթե, իհարկե, չեն ոչնչացվել: Որդիս մինչև վերջին կաթիլ արյունը թափել է դիրքը պահելու համար, բայց անհետ կորած համարվող զինվորները գերեզման ունենալու, թաղվելու հնարավորություն չունեն: Գոնե հնարավորություն տրվի նրանց հանդերձները հուղարկավորելու, ծնողներին՝ գերեզման այցելելու, սգալու: Եթե նույնիսկ հնարավոր է՝ այդ տարածքներից մի բուռ հող փոխանցեք ծնողներին, որ հանդերձի հետ հուղարկավորեն», – ասում է զինվորի հայրը:

աղբյուրը՝ aysor.am