Տղաս շատ է սպասում հորը, առավոտյան արագ-արագ հագնվում է, ասում է՝ գնամ պապայիս բերեմ, որ դու ուրախ լինես․ զոհված 34-ամյա մայորի կին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 28-ին Օմարում հերոսաբար զոհվեց 34-ամյա մայոր Լևոն Սարգսյանը:

Նա 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ: 2008 թվականին լեյտենանտի կոչումով զորակոչվել է Ջաբրաիլ` որպես դասակի հրամանատար: Կինը` Մարիամը, ամուսնու մասին առանց հուզվելու չի կարողանում խոսել: Նրա խոսքով` հերոսի հետ ապրած իր ամեն վայրկյանը սիրով լի է եղել: «Ամուսնացել ենք 2010 թվականին: 2 տարի ինքն արդեն ծառայում էր Ջաբրաիլում, 5 տարի էլ միասին ենք ծառայել, 2016-ին տեղափոխվել ենք Երևան, ծառայել է Նուբարաշենի զորամասում, 2018-ին զորամասը լուծարվեց, Լևոնը տեղափոխվեց խաղաղապահ զորքեր: Այս տարվա հունվարին խաղաղապահ զորքերն առաքելություն են կատարել Աֆղանստան, 8 ամիս այնտեղ է մնացել, սեպտեմբերի 20-ին վերադարձել է, արձակուրդում էր, 27-ի առավոտյան զանգեցին, տագնապ էր, մենք տանը չէինք` ծնողներիս տանն էինք: Ինքը կյանքում առաջին անգամ ինձ թողեց էնտեղ, չգիտեմ ինչ էր զգում: Ասեցի` ես էլ եմ գալիս հետդ, ասեց չէ մնա, ես երեկոյան հետ կգամ, քեզ կտանեմ… էդպես էլ էդ երեկոն չեկավ: 27-ին գնացել է, 28-ին դեպքը տեղի է ունեցել Օմարում: Բեկորային վնասվածք է եղել, ոտքն է վնասվել, հիվանդանոցը շատ հեռու է եղել, մինչև հասցրել են, բեկորը բարձրացել է որովայն ու սկսել է ներքին արյունահոսություն»:

Մարիամը նշում է` ամուսինը շատ բարի, ընտանիքին նվիրված է եղել. «Լավ ամուսին, լավ հայր էր: Նրա երազանքը տուն ունենալն էր: Երբ երկուսով որոշում էինք, թե Աֆղանստան գնա-չգնա, ասում էր` մեր միակ տարբերակն է, որ տուն կունենանք, այդպես էլ երազանքները կիսատ մնացին: Աղջիկս 9 տարեկան է, տղաս` 4: Աղջիկս ամեն ինչ հասկանում է, բայց չի խոսում, չի ուզում լսի իրականությունը, իսկ տղաս շատ է սպասում հորը: Առավոտյան արագ-արագ հագնվում է, ասում եմ՝ ուր ես գնում, բա գնամ պապայիս բերեմ, որ դու ուրախ լինես: Ասում ա` է ինքն Աֆղանստանում է, մի օր անպայման կգա»:

Լևոնին նախքան պատերազմը հրամանատարն ասել էր, որ առաջխաղացում է ունենալու և փոխգնդապետի պաշտոն ստանա. «Զորախումբն իրեն գովել էր: Միակ զորախումբն ա եղել, որ այդքան տարվա մեջ այդքան հպարտությամբ է եկել: Ու հայի անունը շատ բարձր է պահել: Ինքը շատ նվիրված էր, իր համար առաջին տեղում իր հայրենիքն ու աշխատանքն էր, հետո նոր` ընտանիքը: Ինձ միշտ ասում էր` դու ուժեղ ես, իսկ իմ զինվորները քո նման չեն, ես պետք է իրենց կողքին լինեմ: Իր կյանքի ուղին շատ դժվար էր, մենք 10 տարի ամուսնացած ենք եղել ու ամեն վայրկյան պայքարել ենք: Շատ երիտասարդներ կյանքն են վայելում,բայց ինքը երիտասարդությունը խրամատում է անցկացրել ու չի օգտվել կյանքի ոչ մի բարիքից: Բայց ինքը շատ էր սիրում իր աշխատանքը ու միշտ ասում էր, որ ուրիշ գործ չի կարող անել, իր մոտ լավ է ստացվում զինվոր դաստիարակելը»:

 աղբյուրը՝ armdaily.am