Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով զոհերի թիվը 3 է, հաղորդում է BBC-ն։ Ըստ ոստիկանության՝ զոհերի շարքում գտնվող մի կին գլխատվել է։ Կասկածյալին ձերբակալել են հարձակումից կարճ ժամանակ անց։
Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել՝ մարդասպանության մեղադրանքով։
Դեպքի վայր ժամանած Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին տեղի ունեցածն անվանել է «իսլամական ֆաշիզմ» և հայտարարել է, որ այս ամենը նման է ահաբեկչական հարձակման։ Քաղաքապետը նաև հայտնել է, որ հարձակվողը անդադար կրկնել է «Ալլահու աքբար»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը Փարիզում արտակարգ հանդիպում է հրավիրել։ Տեղի ունեցածից հետո Ֆրանսիայի խորհրդարանի նիստն ընդհատվել է 1 րոպե լռությամբ։
Հիշեցնենք՝ հարձակումը տեղի էր ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։00-ի սահմաններում՝ Նիցցայի Նոտր Դամ եկեղեցու մոտ։
BBC-ն նաև հիշեցնում է, որ վերջին տարիներին Նիցցան եղել է Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումների թիրախում։ 2016 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի օրվա տոնակատարության ժամանակ 31-ամյա թունիսցի մի տղամարդ բեռնատարը վարել էր մարդկանց ամբոխի մեջ՝ սպանելով 86 հոգու։