Ինչո՞ւ պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները

«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսօրվա պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները,  նախ նշել է, որ Սու-30-ներ ավելի վաղ պիտի առնեինք՝ 20 տարի առաջ, այնուհետ շարունակել է.

«Ո՞վ ասաց, որ երկու տարի առաջ, որ ձեռք ես բերել Սու-30-ը, դու հստակ գիտեիր, որ 2020-ի աշնանը պատերազմ է սկսվելու: Ո՞վ էր այդ հաշվարկը կատարել, ո՞վ էր այդ ամենախելացին, որ հիմա խոսում է երկու տարի առաջ կատարած սխալի մասին այնպիսի ճշգրտությամբ, որ այն ժամանակ որոշում կայացնելիս գիտեր՝ 2020-ին պիտի պատերազմ լինի: Ո՞վ է այդ հնարավորությունը տվել ձեզ: Լուրջ խոսակցություն չի, որ 2018-ին, երբ որոշում էիր կայացնում, որ պիտի ինչ-որ զենք առնեիր, քեզ հետախուզությունը պիտի ասեր՝ 2020-ի սեպտեմբերին պատերազմ է լինելու»:

Արծրուն Հովհաննիսյանը պնդել է՝ օդային գերակայությունը որոշիչ է ժամանակակից պատերազմներում: Իսկ թե արդյոք մոտ 2.5 տարին բավարար չէ՞ր, որ կարողանայինք կիրառել Սու-30-երը և օդային գերակայություն ապահովեինք, ՊՆ ներկայացուցիչը պատասխանել է՝ ոչ:

«Ո՞վ ասաց, որ եթե այլ միջոց ձեռք բերեիր, այդ կարճ ժամանակամիջոցում կհասցնեիր բավարար մարտական իրավիճակի բերել: Մենք 2016-ից ունենք ձեռք բերված միջոցներ, որոնք մինչև այսօր լիարժեք մարտական վիճակում չեն: Ամեն միջոց ունի իր մարտականության բերելու, յուրացնելու, այլ զորատեսակների և միջոցների հետ ներդաշնակեցնելու ժամանակահատվածը: Բարդ տեխնոլոգիան հնարավոր չի 6 ամսում դարձնել մարտունակ: Դա անհնար բան է, և հետո Սու-30-ները ձեռք են բերվել կոնցեպտի շրջանակում: Մենք Սու-30 ենք ձեռք բերել, Սու-25-ի մոդեռնիզացիայի, ուղղաթիռների ձեռքբերման պայմանագրեր ենք կնքել, ԱԹՍ-ների ձեռքբերման պայմանագրեր ենք կնքել և չենք հասցրել դրանք ռեալիզացնել: Դրանք ժամանակ են պահանջել, կոնցեպտուալ բարեփոխումների ծրագիր է եղել»,- շեշտել է նա:

ՍՈւ-30-ի ձեռքբերմանը դեմ արտահայտված փորձագետները չեն կարծում, որ Սու-30-ները մեզ օդ և ջրի պես պետք էին, երբ ՀՕՊ-ի արդիականացման խնդիր կա:

2018-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռազմական փորձագետներից Հրաչյա Պետրոսյանցն ասել էր. «Մեր ղեկավարությունը հայտարարում է, որ ուզում է ձեռք բերել ավիացիոն ժամանակակից միջոցներ, բայց, իմ կարծիքով, մեր փոքր տարածաշրջանի համար նման մեծ գումարներ ծախսել հարվածային ավիացիա ձեռք բերելու համար՝ երևի ոչ արդյունավետ է, որովհետև նախ՝ այն շատ թանկ է, և երկրորդ՝ ընդամենը 400 կմ շառավղով գործելու համար՝ դա այդքան էլ արդյունավետ տարբերակ չէ, դրա փոխարեն՝ մեր այս լեռնային պայմանների համար չափազանց արդյունավետ կլինեն հարվածային ուղղաթիռները»:

Եվ այսօրվա ռազմական Սու-30-ի ձեռքբերմանը դեմ արտահայտվողները պնդում են՝ իրենք չէին սխալվում:

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը համակարծիք է ոչ թե նրանց, այլ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ Սու-30-ների գնումն անհրաժեշտություն էր:

«Դա անհրաժեշտ քայլ էր, որովհետև, եթե արդի օդային միջոցներ ես ունենում, որոնք ունակ են ոչ միայն՝ օդային մարտեր վարել, այլ նաև օդային գերակայություն ստեղծել՝ հանդիսանալով որպես կառավարման կետեր, իրենք հայտնաբերում են նշանակետեր, փոխանցում են ՀՕՊ, ՌԷՊ համակարգերին: Եվ ստացվում է, որ ամբողջ համակարգերը սինխրոն են աշխատում միմյանց հետ: Դա ժամանակի պահանջն էր, որից մենք ուշացել ենք: Մենք ունենք Սու-25 գրոհիչներ, որոնք մարտավարական օղակի խնդիրներ են կատարում, մեզ ավելի լուրջ օդային միջոցներ էին պետք, որոնք տարիների ընթացքում պետք է արդեն ձեռք բերած լինեինք: Իսկ թե ինչքանով են Սու-30-ները փաստացի նպաստում ներկա պատերազմական վիճակում, բնականաբար, ժամանակային հարց է: Յուրաքանչյուր նոր զինատեսակ մարսելու, սովորելու համար ժամանակ է պետք, կադրեր պետք է պատրաստել: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ինքնաթիռի համար ոչ թե 1-2 օդաչու է պետք, այլ իրար փոխարինող խմբեր են պետք, սպասարկման խմբեր: Բացի այս, կիրառման համար զորավարժություններ են պետք, որ համահունչ կարողանան գործել: Ես գտնում եմ, որ Սու-30-ները մենք գնել ենք ուշացած: Այսինքն, ոչ թե պետք է ընդհանրապես չգնեինք, այլ պետք էր ավելի շուտ, որպեսզի ներկա պատերազմին նրանք ամբողջ ծավալով փաստացի կարողանային իրականացնել իրենց գործառույթը: Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում եմ, որ Սու-30-ները մասնակցում են իրենց որոշակի հնարավորություններով ներկա գործողություններին»,- մանրամասնեց փորձագետը:

շարունակությունը՝ այստեղ