Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային, քանի որ Անկարան ակտիվ մասնակցում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Պաշտոնյային ուղղված նամակը Հայ դատի հանձնախումբ հրապարակել է իր Twitter-ի էջում:

Նամակում հայկական արմատներ ունեցող ԱՄՆ քաղաքացիների անունից կոչ է արվում «անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմ հանդիսացող երկրների միջոցով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: Այս կասեցումը մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի սենսորների վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»:

«Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը նաև խնդրել է, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն», – եզրափակվում է նամակում:

Աղբյուրը՝ shantnews.am