Դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է նկատողություն դրամահավաքը չկանխելու համար

Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում: Այդ մասին նշում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում՝ ավելացնելով, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Նշվում է նաև, որ մինչև ահազանգերը, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ ամենատարբեր ձևաչափերով խորհրդակցությունների և հանդիպումների ընթացքում բազմիցս զգուշացվել է՝ դպրոցներում բացառել դրամահավաքներն ու այլ արատավոր երևույթները, հատկապես համավարակի պայմաններում ծնողների ուսերին հավելյալ բեռ չավելացնել ու զերծ մնալ կրթական գործընթացի՝ ֆինանսական հարցերում վերջիններին ներգրավվելու փորձերից:

«Կոտայքի մարզպետարանը այսուհետ ևս խիստ վերահսկողություն է իրականացնելու մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում դրամահավաքության բացառման ուղղությամբ՝ այս գործում հենվելով նաև ծնողների պահանջատիրության, զգոնության և աչալրջության վրա՝ նրանց խնդրելով նման դեպքերում և՛ ահազանգել, և՛ իհարկե, չհանդուրժել, իսկ մեր դպրոցների տնօրեններին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և լիազոր մարմնի հանձնարարականների համաձայն»,- նշված է հաղորդագրության մեջ: