Երեխաների կողմից դիմակի սխալ կրումը կարող է մեծացնել այլ վարակների տարածման ռիսկերը. Բժիշկ

Ինֆեկցիոն կանխարգելման առումով դիմակի կրումն ընդհանրապես արդյունավետ չի լինելու, որովհետև դա ընդհանրապես վերահսկելի պրոցես չէ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց բժիշկ Արմեն Օհանյանը. «Դպրոցներում անհնար է դա վերահսկելը: Առավել ևս ցածր դասարանների երեխաների մոտ անվերահսկելի կլինի դիմակների ճիշտ կրումը, իսկ սխալ կրումը կարող է այլ վարակների տարածման ռիսկերը մեծացնել»:

«Ենթադրենք, որ դիմակ կրելու պրոցեսը կարող է վերահսկելի լինել, ենթադրենք, որ սենյակն ամբողջությամբ ճիշտ ձևով օդափոխվում է, ճիշտ ջերմաստիճան է ապահովվում, սոցիալական հեռավորություն է պահպանվում, դիմակները պարբերաբար փոխվում են, այդ դեպքում, դիմակի կրումը արդյունավետ կլինի, բայց այդ «եթե»-ներից որևէ մեկը մեր իրականության մեջ իրականանալի չէ»,-նշեց մեր զրուցակիցը:

Պարոն Օհանյանի խոսքերով, ցածր դասարանների երեխաների մոտ դիմակ կրելը կարող է արտահայտման դժվարությունների հանգեցնել:

Բժիշկը նշեց, որ կան երեխաներ, որոնց խոսքը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, ովքեր լիարժեք ազատ չեն խոսում, իսկ դիմակը կարող է խանգարել. «Դիմակները պարբերաբար պետք է փոխվեն, կարծում եմ այդ գործընթացն էլ անվերահսկելի կլինի: Դա էլ է կախված միկրոկլիմայից, կախված է սենյակի ջերմաստիճանից, երեխայի քրտնելուց, որովհետև դիմակը կարող է կրելու ընթացքում խոնավանալ, իսկ այդ դեպքում փոշեկուլի նման կլանելու է շրջապատում եղած միկրո գոյացությունները: Հետևաբար, դիմակի կրումը մեծացնելու է վարակման ռիսկը»:

Աղբյուրը՝ Analitik.am