Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ գաջեթները

Վերջին տարիներին սմաթֆոնները, համակարգիչներն ու տարատեսակ այլ գաջեթները մարդկանց կյանքի անբաժանելի մասն են  կազմում, սակայն քչերին է հայտնի, որ առօրյայում անփոխարինելի այս սարքերը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Մասնագետները ներկայացրել են, թե ինչ խանգարումների կարող է հանգեցնել գաջեթների մշտական գործածությունը։

Փորձագետների խոսքով՝ ժամանակակից մարդկանց կախվածությունը նման սարքերից իրականում այլև չի զարմացնում, սակայն հարկավոր է հիշել, որ նման կախվածությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ օրական մի քանի ժամ սմարթֆոն օգտագործելու դեպքում բարձրանում է տենդինիտի՝ ջլաբորբի հավանականությունը, որը դրսևորվում է ջլերի բորբոքմամբ ու բավական տհաճ զգացողություններով։ 

Բավական տարածված խնդիր է դարձել նաև նոմոֆոբիան, որի դեպքում մարդու մոտ նկատվում է հեռախոսը տանը մոռանալու կամ սարքից հեռու գտնվելու սաստիկ վախ։ Ընդ որում՝ այս խանգարումն ուղեկցվում է սթրեսով, լարվածությամբ ու անգամ տագնապով։

Շատ վտանգավոր կարող է լինել նաև քնելուց առաջ սմարթֆոն օգտագործելու սովորությունը։ Սա կարող է հանգեցնել անքնության, իսկ երկարատև գործածության դեպքում կարող է դառնալ անգամ քնի և ռիթմերի լուրջ խանգարումների պատճառ, ինչը շատ վտանգավոր է։

Լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ անգամ սնվելիս սմարթֆոն օգտագործելու սովորությունը։ Բանն այն է, որ այդ դեպքում շատ հաճախ մարդիկ նորմայից զգալի շատ են ուտում, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման։ Բացի այդ, շատ հաճախ գաջեթների հաճախակի գործածությունը հանգեցնում է կենտրոնացման հետ կապված խնդիրների՝ դարձնելով մարդուն շատ ավելի ցրված, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ նրա աշխատանքի և առհասարակ կյանքի որակի վրա։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org