ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին․ գրում է 168.am-ը։«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:

Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը: Ըստ էության Իսրայելը նույնպես արգելել էր հայկական ավիաընկերությունների մուտքն իր երկրի օդային տարածք:

Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Ավելի վաղ էլ գրել էինք, որ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։