Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան

Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ  իրականություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սեւանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին եւ դրա արձագանքներին։

«Ես իմ գլխավերեւում, մոտ 10մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․ Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաեւ սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերեւում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ», պատմել է Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ վրդովմունքի առիթը, եւ սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, եւ, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել։

«Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց», մեկնաբանի ճշտող հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է.

«Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետեւ պետք  է հասկանան, որ եթե ներուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը եւ գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ… Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել», ասել է նախկին ոստիկանապետը։

«Չե՞ք վիրավորել», հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե իր ոճը բոլորը գիտեն, այո, բարձր է խոսել, ինքն ուզում էր հասկանալ, թե, այնուամենայնիվ, ովքեր են նրանք։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում