Ինչու Արսեն Թորոսյանն ազատվեց Մհեր Դավիդյանցից, և ով է փոխարինելու նրան

Երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, որի դեմ արդեն մի քանի ամիս է արշավ էր սկսել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` Մհեր Դավիդյանցին Թորոսյանը նշանակեց այդ պաշտոնում, քանի որ իր ընկերն էր: Բայց, ինչպես պարզվում է, իրավիճակ է փոխվել: Ըստ ArmLur.am-իր, գործող իշխանության մեջ մի թև կա, որն ուզում է օր առաջ ազատվել Արսեն Թորոսյանից և նախարար նշանակել հայտնի վիրաբույժ, դոցենտ Արտավազդ Սահակյանի որդուն` Արամին։ Իսկ ինչ կապ ունի Արամ Սահակյանը Մհեր Դավիդյանցին աշխատանքից ազատելու որոշման հետ:

Պարզվում է` Մհեր Դավիդյանցը Արամ Սահակյանի սանիկն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը պատրաստվում է Մհեր Դավիդյանցին փոխարինել Հովհաննես Մադոյանով, ով հայտնի է ԼԳԲՏ- ների պաշտպանությանն ուղղված իր քայլերով եւ դրա համար ստացած դրամաշորհներով։

ArmDaily.am-ի հետ զրույցում բժիշկ, պլաստիկ և միկրովիրաբույժ Արամ Սահակյանն էլ՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ղեկավար Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից ազատմանը, նշել է․

«Կորոնավիրուսի բռնկման օրերին ես կոլեգաներիս հետ «Նորք» ինֆեկցիոնում եմ եղել և ինքս եմ տեսել, թե ինչպես է աշխատել Մհեր Դավիդյանցը, այսօր լրատվամիջոցներում տեսա, որ նրան առաջարկվել է ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որից նա, բնականաբար, պետք է հրաժարվեր։ Այսպիսի տիտանական աշխատանք կատարելուց հետո, այդ մակարդակի մասնագետին տեղակալ չեն իջեցնում, ընդունած պրակտիկա է հաղթանակած և առաջատար մասնագետի պաշտոնն առնվազն չեն իջեցնում։

Անդրադառնալով Դավիդյանցի հեռանալու իրական պատճառներին՝ նա ընդգծել է, որ տարատեսակ կարծիքներ է լսել։ «Թե ինչ պատճառներով է Դավիդյանցին առաջարկվել տեղակալի պաշտոնը և միայն միաձուլո՞ւմն է արդյոք պատճառը՝ կդժվարանամ պարզ ու միանշանակ ասել, դա ժամանակը ցույց կտա, իսկ մինչև կորոնավիրուսը, եթե «Նորք» ինֆեկցիոն այցելողներ եղել են, միանշանակ, տեսել են այն աշխատանքը, որ Դավիդյանցն արել է։ Դավիդյանցը ղեկավարում էր առաջնագծում գտնվող հիվանդանոցը, որն առաջինն է սկսել Հայաստանում COVID-ի դեմ պայքարը, նրան մեղադրել Հայաստանում COVID ծրագրերի տապալման մեջ՝ առնվազն հիմարություն է, որովհետև այն, ինչ արվել է իմ սիրելի «Նորքի» կլինիկայում, կամ ինչպես ես եմ սիրում ասել «Նորքի» ամրոցում, որոնց արդյունքում, մենք հաղթահարած դուրս ենք եկել ու հենց Դավիդյանցն է դա ղեկավարել։ Հիմա նրա անունը կապել որևէ տապալման հետ՝ առնվազն հիմարություն է»,-ասաց Սահակյանը։

Մհեր Դավիդյանցի հեռանալուց հետո սկսեցին տարածվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը։

«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. մոտակա օրերին հնարավոր է նոր նախարար ունենանք: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծվել վարչապետի ընտանիքում։  Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է /լուսանկարում՝ աջից/, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։

Առաջիկայում պարզ կդառնա, թե Փաշինյաների ընտանիքի որ կլանը կհաղթի: