«Երբ տեսա ադրբեջանցիների նկարը մեր հրապարակում, որոշեցի կամավորագրվել». Աղաս Մանուկյանը` սահման գնալու որոշման, կնոջ արձագանքի և իր նախաձեռնության մասին

Օրերս դերասան Աղաս Մանուկյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հետևորդներին հայտնել, որ կամավորագրվել է սահման մեկնելու համար: Այսօր դերասանը տեղեկացրել է, որ գնացել է սահմանամերձ գյուղեր` զինվորներին ծխախոտ և սուրճ տանելու:

Tert.am Life-ի հետ զրույցում Աղասն ասաց, որ կամավորագրվելու որոշումը կայացրել է այն պահին, երբ Ֆեյսբուքում տեսել է ֆոտոշոփով ստեղծված մի լուսանկար, որում ադրբեջանցիները կանգնած են եղել Հայաստանի Հանրապետության հրապարակում. «Լուսանկարում հրապարակի ժամի գլխին ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դրոշն էր ծածանվում: Այդ պահին էմոցիաներս խառնվեցին, հաջորդ օրը գնացի կամավորագրվելու: Որոշումը հենց այնպես չեմ կայացրել, կամավորագրվել եմ, որովհետև ամեն պահի պատրաստ եմ սահման մեկնել: Ես տեղեկացրել եմ, որ 24 ժամ հասանելի եմ, երբ սահման գնալու կարիք լինի, առաջինն ինձ կանչեն»:

Դերասանի խոսքով` այդ մասին հետևորդներին տեղեկացնելը ռեյթինգի համար չի արել. «Շատերն են ասում, որ կարող էի այդ մասին չխոսել, բայց դա նպատակ ունի. ուզում եմ բոլորը տեսնեն, որ նման իրավիճակներում կապ չունի, թե մարդն ինչ մասնագիտություն ունի, բոլորս մեր հայրենիքի զավակն ենք: Վստահ եմ` իմ բնագավառի մարդկանցից շատերն են ինձ պես մտածում»:

Հարցին, թե կինը` Տաթևիկը, ինչպե՞ս է արձագանքել իր որոշմանը, Աղասը պատասխանեց. «Կինս իմ քայլը չի ողջունել, բայց դեմ էլ չի եղել: Նա հասկանում է, որ ես այդ քայլը գիտակցված եմ արել: Ես ծառայել եմ բանակում, տարիներ հետո տղաս էլ կկատարի իր պարտքը: Եթե կարիք լինի, բայց ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պետք է գնա»:

Խոսելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ծառայող զինվորներին ծխախոտ և սուրճ տանելու նախաձեռնության մասին` Աղասը նշեց. «Ես գիտակցում եմ, որ Կառավարությունն ամեն ինչով ապահովում է մեր տղաներին, բայց մտածեցի, որ կարող է հավելյալ սուրճի և ծխախոտի կարիք զգացվել: Հայտնեցի հետևորդներիս, որ պատրաստվում եմ սահման գնալ ու եթե ինչ-որ բան են ուզում փոխանցել մեր տղաներին, կարող են դա անել իմ միջոցով: Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներից շատերն էլ արձագանքեցին իմ կոչին: Բավականին մեծ քանակի ծխախոտ և սուրճ հավաքվեց, որն այսօր բերեցինք Տավուշի սահմանամերձ գյուղեր` Այգեպար, Արծվաբերդ և Մեհրաբ: Իմ աչքերով տեսա ու իմ ականջներով լսեցի, որ մեր տղաները շատ լավ տրամադրություն ունեն»,- ասաց նա և հավելեց, որ նախաձեռնությունը շարունակական կլինի, տրամադրված է հետագայում պարբերաբար սահման այցելել, նույնիսկ եթե լարված իրավիճակ չլինի:

tert.am