«Առողջապահության նախարարը շատ ցայտուն օրինակն է, թե ինչ ոչ ադեկվատ կառավարություն ու իշխանություն ունենք». Արման Աբովյան

Հուլիսի 1-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ կորել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի 82-ամյա կնոջ դին։

Որոնողական աշխատանքներից հետո երեկ կնոջ դին հայտնաբերվել էր, որից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր  Նաիրա Զոհրաբյանին, մասնավորապես նշելով. «Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։ Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկարնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»:

Նախարարի գրառմանը մեկնաբանությունների բաժնում պատախանել է Նաիրա Զոհրաբյանը. «Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա: Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաև ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք։ Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ: Մի լրացում էլ անեմ` Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից»։

168.am հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ լրացուցիչ մեկնաբանություն տալ Արսեն Թորոսյանի գրառման հետ կապված, նշելով, որ այն, ինչ պետք է ասեր՝ արդեն ասել է և հավելելու որևէ բան չունի։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ անդրադառնալով նախարարի գրառմանը՝ նշեց, որ նախկինում արդեն հայտարարել են, որ Կառավարությունը՝ այս կազմով, ունակ չէ լուծելու այն հարցերը, որոնք ծառացած են երկրի առջև, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի աբսուրդային պահվածքը ցայտուն ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի Առողջապահության նախարարը։

«Այն «բարդակը», որը տեղի է ունենում առողջապահական համակարգում, հիշեցնեմ, որ նույնիսկ կնոջ դի էին շփոթել, նախարարն այնքան պարկեշտություն չունի, որ գոնե այս իրավիճակում սուս ու փուս մի տեղ նստի ու ձայն չհանի, կամ գոնե այդ կնոջ հարազատներից ներողություն խնդրի։ Կարծում եմ՝ Առողջապահության նախարարը շատ ցայտուն օրինակն է, թե ինչ ոչ ադեկվատ կառավարություն ու իշխանություն ունենք,  և այս արձագանքը բացահայտ ցույց է տալիս այդ ոչ ադեկվատությունը։ Անպարկեշտ, նույնիսկ կասեի՝ անդաստիարակ արտահայտություններ, իսկ եթե սրան էլ գումարենք իշխանությունների վաղեմի երազանքը՝ մահացած տեսնել ընդդիմությանը, ապա ամեն ինչ պարզ է դառնում։ Կներեք, ի՞նչ կապ ունի ընդդիմության կարգավիճակը, երբ որ այսպիսի ահավոր իրավիճակ է, թե՛ կորոնավիրուսի պահով, թե՛ այլ հարցերի։ Ըստ իս, Առողջապահության նախարարին մտահոգել է ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը, գուցե սա է նրա ոչ ադեկվատ և խուժան պահվածքի պատճառը»,- նշեց Արման Աբովյանը։

Հարցին՝ բազմիցս նշվել է, որ երկրում գրեթե բոլոր ոլորտներում իշխանությունները ձախողել են և ցանկություն էլ չունեն իրենց սխալներն ուղղելու, հետևաբար՝ այս ամենի դեմ ո՞վ պետք է պայքարի, Արման Աբովյանը պատասխանեց, որ միակ պայքարողը ժողովուրդն է: «Որևէ դեպքում չպետք է դուրս գալ իրավական սահմաններից, բաց դրա հետ մեկտեղ՝ պետք է իրականացնել բոլոր իրավական և քաղաքական քայլերը, որպեսզի երկրում իրավիճակը շտկվի։ Այն իրավիճակը, որն այսօր տիրում է երկրում, ցույց է տալիս իշխանության ոչ կոմպետենտությունը, ինքնավստահությունը»,- ընդգծեց Արման Աբովյանը։

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Արման Աբովյանը ասաց, որ դեռևս մեկուսացման մեջ է, և եթե ամեն ինչ լավ լինի, մոտավորապես հուլիսի 10-ին դուրս կգա մեկուսացումից: «Ինձ նորմալ եմ զգում, բարդություններ չկան»,- եզրափակեց պատգամավորը։

168.am