«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժքույր Տիգրանուհի Հարությունյանը ապրիլի 2-ից ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարում։ Բժշկական կենտրոնը ապրիլի 2-ից վերապրոֆիլավորվել է՝ ընդունելով միայն կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների։
Բուժքրոջ խոսքով՝ այդ փոփոխությունը սկզբում անսովոր է եղել, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում, և ինչպես պետք է աշխատեն վարակված անձանց հետ։
«Առաջին օրից էլ սկսել ենք աշխատել՝ չիմանալով ուր ենք գնում, ոնց ենք գնում՝ թողնելով հետևում երեխեքին, ընտանիք, ծնողներ։ Գնում էինք ինչ-որ պատերազմ, բայց թշնամին չէր երևում։ Առաջին անգամ, որ տեսանք հիվանդներին, սարսուռ անցավ՝ ո՞նց ենք աշխատելու նրանց հետ։ Այդ հիվանդության կլինիկան առաջին անգամ էր, որ մենք հանդիպում էինք»,- ասում է Հարությունյանը։
Այնուհետև ինֆորմացիան, դասընթացները և պրակտիկ աշխատանքը օգնեցին հունի մեջ մտնել։
«Մեր բժիշկները դարձել են ինֆեկցիոնիստներ (ժպտում է)։ Ընթացքում պրակտիկա ձեռք բերեցինք, հիմա ես էդպես չեմ վախենում։ Սկսեցինք շփվել ու ընկանք հունի մեջ։ Փառք Աստծո, չենք վարակվել՝ լինելով վարակի առաջնային օղակում։ Մենք այնքան լավ ենք պաշտպանված հիվանդանոցում, մեզ համար ոչինչ չեն խնայում, ամեն ինչ արվում է աշխատողների համար։ Ախտահանում ենք, մեր հագուստները որ տալիս են, երկրորդ անգամ այդ հագուստը չենք հագնում, անընդհատ մեզ տրամադրում են։ Չկա էնպիսի բան, որ ասեն՝ սուղ է կամ չկա»,- նշում է բուժքույրը։
Բաժանմունքում, որտեղ աշխատում է Հարությունյանը, այժմ 37 հիվանդ է սպասարկվում։
«Ծայրահեղ ծանր հիվանդները վերակենդանացման բաժանմունքում են, ծանր և միջին ծանրության հիվանդները՝ բաժանմունքներում։ Հիմա շատ-շատ են ծայրահեղ ծանրերը, ինձ թվում է՝ ժողովուրդը ճիշտ չի պահպանում այն ամենը, ինչ ասվում է, դրա համար էլ այս վիճակն է։ Հնարավոր չի, որ իրենք պահպանեն, ու վիրուսն այսքան տարածվի»,- ընդգծում է Տիգրանուհի Հարությունյանը։
Բուժքույրն ասում է, որ հիվանդությունը հիվանդների մոտ կարող է միանգամից միջին ծանր վիճակից փոխվել ծանր վիճակի։
«Հիվանդը գալիս է, ջերմություն ունի, թոքաբորբ, բայց նորմալ խոսում է, շփվում է, բայց ժամեր անց կարող է տեսնենք՝ սատուրացիան իջնում է։ Երբ սատուրացիան 88,89 է իջնում, շատ վատ են զգում՝ հևում են, դժվարաշնչություն են ունենում։ Տեղյակ ենք պահում բժշկին, թթվածին ենք միացնում։ Անընդհատ թթվածին են շնչում, որ կարողանան իրենց լավ զգալ։ Մարդիկ, որ դրսում ասում են՝ սուտ է, այ էդ մարդիկ պետք է մի անգամ տեսնեն էդ հիվանդներին, թե ինչ վիճակից ինչ վիճակի են անցնում, նոր կհասկանան»,- նշում է նա։
Ասում է, որ հիվանդանցում նույնպես կան հիվանդներ, որոնք լուրջ չեն վերաբերվում հիվանդությանը և չեն հետևում բուժանձնակազմի ցուցումներին։
«Հիվանդների որոշակի մասը մեզ հասկանում է, անում է այն, ինչը մենք ենք իրենց ասում, կան հիվանդներ՝ սկսում են ոչ ճիշտ դրսևորել, երեկ ասել եմ՝ պարետին եմ զանգելու, եթե չենթարկվեք։ Ասում են՝ մենք վարակիչ չենք։ Մտնում ենք իրենց մոտ, ասում ենք՝ դիմակները դրեք, ասում են՝ պարտադի՞ր է, ձեր մասի՞ն եք մտածում»,- նշում է բուժքույրը։
Տիգրանուհի Հարությունյանն ասում է, որ հիվանդանոց գալիս են բոլոր տարիքի խմբերից, առավել ծանր հիվանդությունը տանում են քրոնիկական հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողները։
«Մարդիկ կան, որ հոգեբանորեն ընկճված են լինում, երբ լսում են կորոնավիրուս են։ Ունենք հոգեբան, որ աշխատում է նրանց հետ»,- ասում է բուժքույրը։
Նման իրավիճակում չհայտնվելու և վարակը հաղթահարելու համար բուժքույրը հորդորում է պահպանել կանոնները։ Ինքն անձամբ վարարակիրների հետ շփումից, նրանց բուժօգնություն տրամադրելուց հետո հետո տուն է գնում, սակայն ասում է, որ ճիշտ պաշտպանվածության արդյունքում վարակից կարելի է խուսափել։
«Առաջինը պետք է դիմակ դնեն, այնպես չլինի, որ դիմակը 5 օր պահեն գրպաններում, պետք է չդիպչեն դեմքին, քանի որ հիմնականում դեմքից, քթից ու աչքերից է անցնում։ Որ ճիշտ պահեն, ամեն ինչ հունի մեջ կընկնի, բայց առայժմ չենք տեսնում, որ նվազի»,- ասում է բուժքույրը։
Աղբյուրը՝ MediaLab.am