Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների 3 տեղերի համար Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների կամ դրանց միավորումների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս  ՀՀ արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ: Հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am:

Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում (գործարար ոլորտի հասարարակական կազմակերպությունների դեպքում՝ վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ:).

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամա¬նակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն. (սույն պահանջը չի տարածվում գործարար ոլորտի հասարարակական կազմակերպությունների վրա)

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

2.Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերոնշյալ չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

3. Հակակոռուպցիոն քաղաքականության  խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4.  Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է  2020 թվականի  հուլիսի 3-ը: