«Իմ քայլը» տրորեց Հայաստանի սահմանադրությունը. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում մեկ օրվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը՝ նշելով, որ այժմ Սահմանադրական դատարանի 3 դատավորներ հրաժարական կտան, իսկ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը կհավասարեցվի սովորական դատավորի կարգավիճակին:

«Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե-ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող վերնախավում իր գլխավոր մրցակցին: Պատգամավորներն այնքան էին շտապում փոփոխություններն ընդունելու հարցում, որ նույնիսկ չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, որն այնքան էլ գոհ չէ նրանց կայացրած որոշումից»,- նշվում է պարբերականի հոդվածում:

««Իմ քայլը» իշխող կուսակցությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել է իր նպատակին, որին ձգտում էր վերջին ամիսներին: Երկուշաբթի օրը խորհրդարանում միանգամից երկու ընթերցմամբ պատգամավորները հավանության արժանացրեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով ՍԴ-ի բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանափակվում են 12 տարով: Հենց այդ ժամկետն է ամրագրված երկրի հիմնական օրենքով՝ 2015 թվականի խմբագրությամբ: Միևնույն ժամանակ շատ դատավորներ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ նշանակվել էին նախորդ օրենքների համաձայն, ինչի հետևանքով հավասարակշռությունը լրջորեն խախտվել է: Օրինակ, պարոն Թովմասյանը հնարավորություն ուներ իր պաշտոնը պահպանելու մինչև 2035 թվականը, իսկ նրան ուղղակիորեն ազատել չէր կարելի: Մինչդեռ հենց Հրայր Թովմասյանն էր համարվում Փաշինյանի գլխավոր մրցակիցը ներկայիս իշխող վերնախավում: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը խիստ բացասական վերաբերմունք է դրսևորել փոփոխությունների նկատմամբ՝ որպես վարչապետի՝ Սահմանադրությունն իրեն հարմարեցնելու փորձի»,- շեշտում է հոդվածագիրը:

Պարբերականը նկատում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ փոփոխությունների նախագիծը համարում են հակասահմանադրական, և ընդհանրապես չեն մասնակցել քննարկմանն ու քվեարկությանը: Սակայն իշխող խմբակցության և իշխանությանն աջակցող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայները բավական են եղել փոփոխությունները հաստատելու համար:

Բացի այդ, աղբյուրը շեշտում է, որ «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են օրինագիծը ՍԴ ուղարկելուց, որպեսզի գնահատվի դրա Սահմանադրությանը համապատասխանելու հանգամանքը, ինչպես նաև ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ են ընդունել, որոնք թույլ են տալիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում իշխանությունները մտադիր էին սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պատճառով:

Մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը ՍԴ շուրջ ծագած ճգնաժամի կարգավորման ուղիների մասին հարցով դիմել էր Վենետիկի հանձնաժողով, սակայն, չսպասելով հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը, իշխանությունները փոփոխությունների մասին իրենց օրինագիծը ներառել են խորհրդարանի աշխատանքային օրակարգում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ չի բացառել ՍԴ կազմի փոփոխությունը, սակայն անցումային ժամանակահատվածով և կազմի աստիճանական փոփոխմամբ, որպեսզի վտանգի տակ չդրվի այդ ինստիտուտի անկախությունը: Առաջարկվում էր նաև անցումային շրջանում Հրայր Թովմասյանին թողնել ՍԴ նախագահի պաշտոնում:

«Իմ քայլի» պատգամավորներն, իրենց հերթին, հայտարարել են, որ հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական և ոչ պարտադիր բնույթ է կրում:

«Իշխանությունների գործողությունները և պատգամավորների կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն իշխանության զավթում և սահմանադրական կարգի տապալում են», – «Կոմերսանտին» հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Վերջինս հավելել է, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը կամ ըննդիմադիր խմբակցությունների պատգամավորները չդիտեմ Սահմանադրական դատարան այդ փոփոխությունների՝ երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցով, ապա նրան քաղաքական պատասխանատվություն կկրեն իշխանությունների այդ գործողությունների համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ նման քայլն աննպատակ է: «Դեռևս չի եղել այնպիսի նախադեպ, որ դատավորն ինքը որոշի իր պաշտոնավարման մասին հարցը: Եթե մենք նախաձեռնենք հարցի դիտարկումը, այն չի կարող օբյեկտիվ համարվել»,- պարբերականին ասել է Մարուքյանը:

Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է ՍԴ դիմելու մտադրության մասին: Այժմ կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում. ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (27 պատգամավոր) ստորագրությունը:  

tert.am