Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք․Հետազոտություն

Ըստ բրիտանական Global Health 50/50 կազմակերպության հետազոտությունների, որոնք անցկացվել են ավելի քան 20 երկրում, տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք։

Դա են հաստատում նաև Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) դիտարկումների արդյունքները: Ըստ հետազոտությունների՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքներից մահացած պացիենտների երկու երրորդը տղամարդիկ են, գրում է Deustche Welle-ն։

Ըստ RKI տվյալների՝ բոլոր տարիքային խմբերում կորոնավիրուսից մահացած տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են կանանցից։

Որպես պատճառ առաջին հերթին նշում են հորմոնալ ֆոնի տարբերություններն ու կանանց գենետիկորեն ավելի ամուր իմունիտետը։

Սակայն մասնագետները շեշտում են, որ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քանակը գերազանցել է 9 միլիոնը, մոտ 470,000 մահ է գրանցվել, ապաքինվել է մոտ 4․4 մլն մարդ։

Աղբյուրը՝ panarmenian.net