Նվեր Ծառուկյանն որոշակի առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով դեռ չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմին՝ հարցաքննության։ Այդ մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդի՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների վերաբերյալ ինքը պատշաճ կարգով ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին, կցել են նաև բժշկական փաստաթղթեր և նշել են, որ պարբերաբար կտեղեկացնեն առղջական խնդիրների վերաբերյալ։ «Ես կարծում եմ, որ մոտ օրերս՝ երկուշաբթի կամ երեքշաբթի, կներկայանանք վարույթն իրականացնող մարմնին և կպատասխանենք բոլոր հարցերին»,-ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ Նվեր Ծառուկյանին հարցաքննության են հրավիրել դեռ 2019 թ-ի հունվարին Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրաձգության գործով, որի ընթացքում 9 անձ վիրավորում էր ստացել, 2-ը մահացել էին։ «Հարցաքննությունը վերաբերելու է այդ գործով անջատված մասին։ Այս գործով դեռ 2019 թ-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ։ Նա հասանելի է եղել քննության համար, հետազոտություների համար, ներկայացրել է իր մեքենան, մասնակցել է փորձաքննությունների, ներկայացրել է իր հեռախոսահամարը, այդ բոլոր հանգամանքները ստուգվել են, համադրվել են մյուս ապացույցների հետ և Նվեր Ծառուկյանի առնչությունը քրեական գործին ոչ թե չի հիմնավորվել, այլև իսպառ հերքվել է»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով դիտարկուներին, թե Նվեր Ծառուկյանին մեղադրում են այդ հրաձգությունը կազմակերպելու մեջ՝ Խաչատրյանն ասաց, որ մյուս կողմի կամ իրավասու մարմինների կողմից նման շահարկումները ողջամիտ չի համարում։ «Որևէ մեկը չի տիրապետում քրեական գործի նյութերին։ Ես ցավում եմ, իհարկե, որ նման միջադեպ է տեղի ունեցել ու դրան զոհ են դարձել 2 երիտասարդ տղաներ, բայց ամեն դեպքում՝ այդ գնահատականները էմոցիոնալ բնույթի են։ Ես չգիտեմ, ինչ են ուզում բացահայտել էն մյուս մասով, որը դեռ մնացել է քննչական մարմնի վարույթում, ամեն դեպքում, մի շարք անձանց մասով մաս է անջատվել խուլիգանություն, սպանության փորձի մասով, որն այժմ դատաքննության փուլում է։
Ամեն դեպքում՝ Նվեր Ծառուկյանի՝ միջադեպի կազմակերպիչը լինելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Նրա՝ այդ օրվա ողջ տեղաշարժը ներկայացվել է, դրանք նաև ստուգվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, բջջային հեռախոսն է տրամադրվել, որպեսզի ալեհավաքների միջոցով ստուգվեն, նաև ներկայացվել է, թե որտեղ է գտնվել այդ օրը, ում հետ է եղել ու այդ բոլոր անձանց հարցաքննել են, արդյունքում՝ Նվեր Ծառուկյանի առնչությունը այդ միջադեպին ոչ թե չի հիմնավորվել, այլև իսպառ հերքվել է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջադեպին հաջորդած առաջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումներում շոշափվում են անգամ այն մարդկանց անունները, ովքեր առհասարակ վիճաբանության վայրում չեն եղել։ «Մարդիկ են եղել անգամ, ովքեր 4-5 տարի է՝ Աբովյանում չի բնակվում, չի էլ եղել, բայց նրանց բնակարաններն էլ են խուզարկել, նրանց կասկածանքի շուրջ էլ են հարցաքննել»,-ասաց նա։
Աղբուրը՝ armdaily.am