«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից լրատվամիջոցի հասցեին հնչեցված սպառնալիքին և այս առիթով գրել է․
«Աժ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով լրատվականներից մեկի հոդվածին ասել է. «Կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին․ կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում»:
Լրատվականների վրա ԱԺ-ում հարձակումն այսքանով չի ավարտվել։ Լրատվականներին մեղադրանքներ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը լրատվական դաշտում աշխատելու մեծ փորձ ունի, իսկ հիմա իր նախկին գործընկերներին մեղադրում է այս կամ այն կետից ֆինանսավորվելու մեջ։
Պատգամավորների մեղադրանքներին միացել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանն ու Հակոբ Արշակյանը չեն գիտակցում, որ լրատվականների հետ նման ոճով խոսելն անթույլատրելի է։ Ստիպված ենք բարձրաստիճան պաշտոնյաներին հիշեցնել, որ իրենք ԱԺ պատգամավոր և նախարար են ու լրատվականների հետ խոսելիս պետք է պահպանեն բարեկրթության սահմանները և չփորձեն միջամտել խմբագրության աշխատանքներին։
Վերնագրի հետ անհամաձայնությունը Մխիթար Հայրապետյանը կամ մեկ այլ պետպաշտոնյա, իհարկե, կարող են նշել, բայց այդ տոնով խոսելը խոսքի ազատության սահմանափակման ուղիղ սպառնալիք է։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչներին 30 րոպեների ընթացքում վերաձևակերպել մտքերը և բարձրաստիճան պաշտոնյաներին վայել բառապաշարով արտահայտվել»: