Ինչպես արդեն հայտնել էինք Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել ՎՇ 52-ամյա աշխատակից Գևորգ Պողոսյանին այն բանի համար, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում չի գրել:
Տեղեկացրել էինք նաև, որ փաստի առթիվ ոստիկանությունը հայտնել էր, որ նյութեր են նախապատրաստվում։
Հրապարակումից հետո վարչական շրջանի ղեկավարը Ռ. Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զրպարտություն է տարածվում, մինչդեռ ներկայացված փաստերը հաստատել է նաև ոստիկանությունը։
Shamshyan.com-ը զանգահարել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին, որը հայտնել է. «Գ. Պողոսյանի տեղեկությունները, որ թաղապետարանում իմ տեղակալի և օգնականի կողմից ծեծի է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես դեռ ամիսներ առաջ նրա աշխատանքում նկատելով թերություններ, ում, ի դեպ, ինքս եմ ընդունել աշխատանքի, հայտնել եմ, որ կարճ ժամանակում շտկի թերությունները, սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ նրա կողմից շարունակվում է աշխատանքները ոչ պատշաճ կատարելը, հորդորել են, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից: Նա խնդրեց՝ մեկ ամիս ժամանակ տուր, մինչև ինձ համար աշխատանքի տեղ ճարեմ և ես ընդառաջելով՝ ժամանակ տվեցի: Սակայն մի քանի ամիս նա ամեն օր նույն բանն էր ասում՝ կամ ժամանակ տվեք, կամ կինս վատ է, երեխաներս վատ են, տարբեր անհիմն պատճառաբանություններով փորձում էր ազատման դիմում չգրել: Իր մատնանշած օրը արդեն խիստ տոնով նրան ասել եմ, որ հերիք է խաբես, դիմումդ գրի և նա պատասխանեց, որ դիմում չեմ գրելու, առանց իմ դիմում գրելու կարաս ինձ ազատես աշխատանքից և զրույցի ժամանակ ասում էր, թե ինձ տփում եք: Ես էլ նրան պատասխանեցի, որ ով կամ ովքեր քեզ ուղղորդում են երևի լավ չեն հուշել ու դիմում գրելու փոխարեն դիմել է ոստիկանություն: Այդ ամենը նրա կողմից զրպարտանք է ու հերյուրանք: Եթե մենք նրան ծեծի ենք ենթարկել, ապա դատաբժիշկը, երբ զննի, կտա դրա պատասխանը: Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել: Եղել է զրույց, ինչից հետո նա դիմել է ոստիկանություն, թե իրեն ծեծել ենք»: