Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց մամուլը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ պաշտոնը լքելու վերջին պահին Արման Սարգսյանը, իմանալով, որ պետք է թողնի ոստիկանապետի պաշտոնը, ինքն իրեն անվանական զենքով, ինչպես նաև շքանշանով է պարգևատրել:
Մամուլում նաև լուրեր շրջանառվեցին, որ Արման Սարգսյանը խորհրդակցել է ոստիկանությունում իր նշանակած կադրերի հետ, որոնք և փաստել են, որ ինքն իրեն զենք նվիրելու մեջ արտառոց ոչինչ չկա, ասել են, թե դա ընդունված կարգ է, քանի որ կառույցում ոստիկանապետին զենքով կարող է պարգևատրել միայն ոստիկանապետը՝ եթե դեմ անդամներ չկան:
Շրջանառվող լուրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե՝
1. Արդյոք նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն զենքով պարգևատրե՞լ է, թե՞ ոչ:
2. Արման Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ոստիկանապետի պաշտոնում առհասարակ պարգևատրվե՞լ է զենքով, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ո՞ր ամսաթվով:
3. Եթե` այո, ապա ի՞նչ զենքով է պարգևատրել նախկին ոստիկանապետն ինքն իրեն:
4. Արդյո՞ք միայն իրեն է զենքով պարգևատրել, թե՞ նաև ոստիկանության այլ աշխատակիցների:
Այսօր, ի պատասխան մեր հարցման, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ստացանք գրություն, թե այդ տեղեկությունը մեզ տրամադրել չեն կարող:
«Հայցվող տեղեկատվությունը չենք կարող տրամադրել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նմանատիպ տվյալները կարող են տրամադրվել միայն անձի գրավոր համաձայնության /լիազորագրի/ առկայության դեպքում»,- ասված է ոստիկանությունից ստացված պատասխանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։