ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցված ԱԱԾ–ում, իր գործունեության 7 տարվա ընթացքում 31,7 մլրդ դրամ հարկ է վճարել պետական բյուջե, որից 11, 5 մլրդ–ը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Շանգրի լա» խաղատունը և «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 25–րդն է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։
«Օնիրա քլաբ»–ի բաժնետերեր են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, և 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։
Նշենք, որ դեռևս այս տարվա ապրիլին քննարկվում էր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2013թ. տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման հարցը, սակայն Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 30–ի նիստում հաստատել է «Օնիրա Քլաբ»–ի վերաբերյալ եզրակացությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարճել է վարչական վարույթը։
Բայց այս որոշումից երկու ամիս անց ԱԱԾ–ն պարզեց, որ ոչ միայն առկա է լիցենզիայի տրամադրման հետ կապված խախտում, այլև դրա արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29.7 մլրդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում