Ճգնաժամի պայմաններում տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ է հնարավորինս ավելացնել բյուջեի ծախսերը։ Բայց մենք կրկին նույն տեղապտույտի մեջ ենք։ Ծախսերն ընդլայնելու փոխարեն՝ գումարները դեպոզիտ ենք դնում։
Պաշտոնական տվյալներով, բանկերում և ֆինանսական հաստատություններում պահվող բյուջեի ազատ միջոցների հաշվին տարեսկզբի 4 ամիսներին կառավարությունը ստացել է ավելի քան 5,6 մլրդ դրամի տոկոսավճար։ Այն 20,3 տոկոսով գերազանցել է ամբողջ առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը։
Բյուջեի ազատ միջոցների հաշվին ստացված տոկոսավճարները 2,4 միլիարդով ավելի են եղել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Թվում է, թե գործ ունենք փայլուն կատարողականի հետ։ 6 ամսվա պլանը 4 ամսում ոչ միայն կատարվել, այլև գերակատարվել է։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե դա ինչի հաշվին է եղել։
Կրկին գործ ունենք նախկին խրոնիկ հիվանդության հետ։ Խոսքը բյուջեի ծախսերի կատարման մասին է։
Բյուջեի ծախսերի կատարողականը շատ ցածր է։ Այն հետ է մնացել ժամանակացույցից։ Ծախսերը ժամանակին կատարելու փոխարեն՝ կառավարությունը գումարները դեպոզիտ է դրել բանկերում և տոկոսներ ստացել։
Թե սա ինչ է նշանակում տնտեսության համար, դժվար չէ պատկերացնել։ Փողը դուրս է բերվել տնտեսությունից ու հետ չի վերադարձվել։
Արդյունքում՝ դեֆիցիտի փոխարեն՝ պետական բյուջեն տարեսկզբի 4 ամիսներին հավելուրդով է փակվել։ Հավաքվել է 526 մլրդ դրամ, ծախսվել է 508 միլիարդը։ 4 ամսում բյուջեի հավելուրդը կազմել է ավելի քան 18 մլրդ դրամ՝ առաջին կիսամյակի համար նախատեսված 99,4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։
Կառավարությունը կրկին խնդիր ունի՝ բյուջեի ծախսերի կատարման հետ կապված, ինչը շատ վատ է։ Առավել ևս՝ այն պայմաններում, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ճգնաժամի պայմաններում կառավարությունները սովորաբար փորձում են հնարավորինս ավելացնել պետական ծախսերը՝ տնտեսությանը լրացուցիչ խթաններ հաղորդելու համար։ Բայց մեր պարագայում հակառակն է՝ կառավարությունը մի բան էլ սահմանափակել է ծախսերը։
Եվ, որ շատ ավելի վատ է, դա արել է տնտեսության շրջանառու միջոցների հաշվին։ Ավելի շատ գումար է հանվել տնտեսությունից, քան վերադարձվել է ծախսերի միջոցով։
Ինչպես միշտ, խնդիր է կապիտալ ծախսերի կատարումը։ Թեև այս տարի՝ նախորդի համեմատ, որոշ առաջընթաց կա, բայց միայն այդքանը։ Ծախսերն էապես հետ են մնացել բյուջեով պլանավորվածից։
Ինչպես հայտնի է, այս տարվա համար կառավարությունը բավական մեծ ծավալի կապիտալ ծախսեր նախատեսեց, չնայած անցած տարվա ձախողմանը։ Ու հիմա կրկին կանգնած է նույն խնդրի առաջ։
Կապիտալ ծախսերի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է նախատեսվածի հազիվ 40 տոկոսը։ Պետք է կատարվեր շուրջ 43 մլրդ դրամի աշխատանք՝ կատարվել է ընդամենը 17 միլիարդը։ Պատկերը շատ չի փոխվել նաև 4 ամիսների կտրվածքով։ 4 ամսում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 25-26 մլրդ դրամ, ինչը կիսամյակային ցուցանիշի հազիվ 22 տոկոսն է։
Կապիտալ ծախսերի կիսամյակային ցուցանիշը կատարելու համար անհրաժեշտ է մայիս-հունիսին իրականացնել ավելի քան 90 մլրդ դրամի ծախս։ Այսինքն՝ գրեթե 4 անգամ ավելի, քան տարեսկզբի առաջին 4 ամիսներին։
Արդեն հիմա դժվար չէ ասել, որ այդ ծախսերը կրկին կթերակատարվեն։ Չնայած կառավարությունը դրանց հետ է կապում տնտեսության վրա ճգնաժամի հետևանքների մեղմացումը և հատկապես աշխատաշուկայում առաջացած բավական լուրջ ճնշման թուլացումը։
Համավարակի պատճառով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ճնշումը մեծացել է նաև աշխատանքի արտաքին շուկաների փակման պատճառով։ Այս տարի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ ստիպված են մնալ Հայաստանում և այստեղ փնտրել իրենց ապրուստը։ Կառավարությունը հույս ուներ նրանց մի մասի աշխատանքի հարցը լուծել պետական բյուջեի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ոլորտում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ դարձյալ խնդիրների պակաս չկա։
Ծախսերը շարունակում են հետ մնալ ծրագրված ցուցանիշներից։ Ու դա նշանակում է, որ ուշանում են նաև այդ գումարների շրջանակներում նախատեսված աշխատանքները։ Մինչդեռ, դրանց չկատարման ամեն մի տոկոսի հետևում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, կոնկրետ մարդիկ են և ընտանիքներ։
«Համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի և ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում: Ըստ էության, այս պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում, և հետևաբար՝ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ, և սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում»,- հասարակությանը հուսադրում էր վարչապետը։
Թե որքանով է կառավարությանը հաջողվում հասնել այդ նպատակների իրականացմանը, վկայում են բյուջեի կատարման ցուցանիշները։ Կապիտալ ծախսերը կրկին ուշանում են։ Պատճառներից մեկն էլ կառավարության սահմանած բանկային երաշխիքի անտրամաբանական բարձր շեմն է, ինչը ստիպում է շատերին հրաժարվել մրցույթներին մասնակցելուց։ Նվազում է մասնակցությունը՝ թուլացնելով մրցակցությունը։ Տուժողը պետությունն է։
Ու չնայած նման խնդիրներին՝ վարչապետն իր էշն է քշում։ «Այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ՝ չի վերացվելու: Նրանք, ովքեր ուզում են վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի»,- այս պնդումը վերջերս Ազգային ժողովում հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Բանկային երաշխիքի և ատկատների միջև թե ինչ կապի մասին է խոսում վարչապետը, պարզ չէ։ Բայց փաստ է, որ տրամաբանությունից դուրս է 110 տոկոսանոց երաշխիքի շեմ սահմանելը և տնտեսվարողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը։ Դրանից միակ շահողը բանկերն են։ Այնինչ տուժում են՝ ինչպես տնտեսվարողները, այնպես էլ՝ պետական բյուջեն։
Ոչինչ չի խանգարում, որպեսզի բանկային երաշխիքը լինի ոչ թե պայմանագրի 110, այլ, ենթադրենք՝ 55 տոկոսի չափով։ Դրանից բյուջեի վնասները ո՛չ ավելանալու են, և ո՛չ էլ պակասելու են։ Փոխարենը՝ հնարավորություն կստեղծվի ավելի շատ տնտեսվարողների ներգրավել կառավարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում։ Պայմաններ կստեղծվի նաև նախատեսված ծրագրերի թերակատարումից հնարավորինս խուսափելու համար։
Ճգնաժամի պայմաններում ծախսերի, առավել ևս՝ կապիտալի ծախսերի ընդլայնումը, կարևոր գործոն է տնտեսության խթանման համար։ Բայց իր չարդարացված համառության պատճառով կառավարությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ ճանապարհին։