Ես 35 րոպե է այստեղ կանգնած եմ, նոր Հայաստանում ԱԺ պատգամավորը իրավունք չունի ոստիկանական պատնեշն անցնի, ինձ հորդորել են սպասեմ, մինչև իրենց ղեկավարին տեղյակ պահեն, որ բարձրանամ: 35 րոպե է պետը՝ պետին, պետի պետի պետը պետին է զանգում: Այս մասին Գագիկ Ծառուկայնի՝ Առինջի առանձնատան մոտ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:
«Ֆիքսում ենք մի բան, ես՝ որպես պատգամավոր, կարողանում եմ անարգել ոստիկանական բաժանմունք մտնել, կարողանում եմ քրեակատարողական հիմնարկ մտնել, բայց մենք այստեղ ականատես ենք լինում մի տհաճ տեսարանի, որ ոստիկաններն ասում են հրահանգ է, չեմ կարող թույլ տալ»,- ասաց Արտյոմ Ծառուկյանը, ով փորձում էր բարձրանալ Ծառուկյանի առանձնատուն, որտեղ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում:
Հարցին՝ Մարտունու թեկնածուներից մեկի ենթադրյալ ֆինանսական խնդիրների հետ է կապված խուզարկությունը, սա ի՞նչ պատմություն է, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, չի տիրապետում ինֆորմացիային:
Ինչ վերաբերում է հարցին՝ կանխատեսելի՞ էր սա Ծառուկայնի այն հայտարարությունից հետո, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, նա նշեց. «Կանխատեսելի էր արձագանքը, բայց որ այս աստիճանի պետք է արձագանքը լիներ, այսինքն՝ բոլոր տեսակի նորմերը հաշվի չառնելով, իհարկե, ոչ: Այն արժեքներից, որ խոսում է իշխանությունը, որով իբր իրենք շարժվում են, հիմա ականատեսն ենք, որ դա տեղի չի ունենում»:
Նա ասաց, որ առանձնատան մոտ հավաքված մարդիկ ինքնաբուխ են եկել աջակցելու:
Հարցին էլ՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս ամենից հետո Ծառուկյանը հետքայլ կատարի և կառավարության փոփոխության հարց չբարձրացնի, նա ասաց. «Կարճ պատասխանեմ՝ ոչ»: