««Նաիրի» ԲԿ-ն ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսի բուժմանը՝ բազմաթիվ առումների առումով». Արսեն Թորոսյան

Կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե ինչու չեն ընդունել Համալսարանական հիվանդանոցի և «Նաիրի» ԲԿ-ի օգնությունը, Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե դուք տասը մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. և ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են և այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով ևս»:

Հարցին, թե խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է եղել, Թորոսյանն ասաց՝ այո. «Մրջյունը փիղ է դարձել, խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրին», որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվբանդության բուժմանը և դա ճիշտ որոշում է, բազմաթիվ առումների առումով և ուժի մեջ է»:

Ինչ վերաբերում է այլ երկրներից օգնությանը, ապա տարբեր տիպի օգնություն ՀՀ-ն կստանա. «Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել և կրկին կայցելեն և մի քանի շաբաթ, նաև ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով:

tert.am