Այսօր ամբողջ աշխարհում կորոնավիրուսի իմացության և ճանաչության հետ կապված պրոբլեմ կա: Մենք շատ դիլեմաների ու առեղծվածների ենք հանդիպում: Այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած ռազմավարությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ և զուգահեռ, որովհետև նորից եմ ասում՝ բոլոր երկրները անցնելու են նույն պրոբլեմի միջով, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Եվ եթե ելնում ենք այդ կանխավարկածից, եթե նույնիսկ մենք հիմա ունենանք կորոնավիրուսի ամենօրյա զրո դեպք, երբ մենք բացվենք, վիրուսը նորից թափանցելու է, և մենք այդ ժամանակ կարող ենք լինել ավելի անպաշտպան: Իսկ այս մարտավարությամբ մենք, ձեր օգնությամբ, ոչ միայն շանս ունենք ամբողջությամբ կառավարելի պահել իրավիճակը, այլև մենք ավելի պատրաստված կլինենք աշնանային, ձմեռային բռնկումներին և մյուս տարվա գարնան հնարավոր բռնկումներին»,- նշեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ եթե մենք ճիշտ ռազմավարությամբ առաջ շարժվենք, աշնանը կամ գուցե ձմռանը կունենանք իմունիտետային պարիսպ, որը մեր հանրապետությունը վարակի հանդեպ կդարձնի ավելի պաշտպանված:
Վարչապետի խոսքով՝ իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ մինչև պատվաստանյութը չգտնվի: «Մենք գիտենք, որ առաջիկա գարնանը գոնե համաճարակը լինելու է մեզ հետ և մենք այս շարունակելու ենք մեր ռազմավարությունը այնքան, որքան հնարավոր կլինի»: