Tert.am-ի տեղեկություններով ոստիկանության նախկին արդեն նախկին պետ Արման Սարգսյանի համար իր պաշտոնանկությունն անակնկալ եղել, որովհետև, մերձավորների շրջապատում հայտնել է, որ նա արել է այն ամենը ինչ ցանկացել է Փաշինյանը։
Ավելին՝ Արման Սարգսյանը վարչապետի ցանկացած հանդիմանությունից հետո գտել ու պատժել է «մեղավորներին», ջերմ կապեր հաստատել իմքայլականների հետ, ցանկացած ժամի ու ցանկացած հարցով հասանելի եղել նրանց համար, ընդառաջել նրանց բոլորի ցանկությունները։
Սակայն, հունիսի 5–ին՝ պարետատան նիստից հետո, Փաշինյանը պատշաճ կարգով հրաժեշտ չի տվել ոստիկանապետին, ինչը նախկին ոստիկանապետը պատմել է մերձավոր շրջապատում ու ասել, որ հավանաբար պատճառը եղել է այն, որ Փաշինյանը կորոնավիրուսակիր է եղել։
Հունիսի 8-ի առավոտյան հեռախոսազանգով Արման Սարգսյանին հայտնել են, որ ինքը ևս հեռացվելու է, և իրեն փոխարինելու է Վահե Ղազարյանը այնինչ, Արման Սարգսյանը որոշ չափով իրազեկված է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին։
Արման Սարգսյանը կարճ խորհրդակցություն է ունեցել «յուրայինների» հետ և որոշել է ոստիկանությունից գոնե մի հուշ ունենալ։ Ինչպես հայտնել էր newspress.am-ը՝ Արման Սարգսյանն իրեն զենք է նվիրել, ինչը հաստատվեց նաև մեր տեղեկություններով։
Արման Սարգսյանը խորհրդակցել է ոստիկանությունում իր նշանակած կադրերի հետ, որոնք և փաստել են, որ ինքն իրեն զենք նվիրելու մեջ արտառոց ոչինչ չկա, ավելին՝ ընդունված կարգ է, քանի որ կառույցում զենքով ոստիկանապետին կարող է պարգևատրել միայն ոստիկանապետը՝ եթե դեմ անդամներ չկան։
Եվ այդպես, Արման Սարգսյանը պարգևատրվել է զենքով։
Բացի այդ, Tert.am-ին ԱԺ աղբյուրը հայտնեց, որ Արման Սարգսյանն իրեն ազատ արձակելու մասին ստացած արագ լուրից հետո զանգել է նաև պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, սակայն նա «անհասանելի» է եղել, այլ «մտերիմ» պատգամավորները, որոնք Սարգսյանին համարել էին իրենց ընկերը, հորդորել են ինչպես միշտ լուռ լսել վարչապետին։