«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ արդեն լինում են դեպքեր, երբ արյան մեջ թթվածնի անբավարար քանակություն ունեցող հիվանդներ են դիմում հիվանդանոց, բայց մահճակալային ֆոնդը չի բավարարում նրանց հոսպիտալացնելու համար։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պարետատան նիստից հետ հրավիրված ճեպազրույցի ժամանակ դիմեց ժողովրդին և նրանցից օգնություն խնդրեց։
««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն առաջին բուժհաստատությունն է, որը սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ, և մենք փետրվար ամսից մեր ողջ անձնակազմով պայքարում են կորոնավիրուս կոչվող չարիքի դեմ։ Հավատացեք` մենք 4 ամիս է, ինչ չգիտենք հանգիստն ինչ է, կտրվել ենք մեր ընտանիքներից ու ողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում։ Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ, ընդամենը պահպանեք հակահամաճարակային կանոնները»,-ասաց նա։
Դավիդյանցի խոսքով` եթե փետրվար-մարտ ամիսներին ավելի շատ գերակշռում էին ասիմպտոմ դեպքերը, ապա այժմ վարակվածների մեծ մասը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Լինում են դեպքեր, երբ արդեն արյան մեջ թթվածնի անբավարար քանակություն ունեցող հիվանդները գալիս են հիվանդանոց, գտնվում են սպասասրահում, բայց մահճակալային ֆոնդը չի բավարարում նրանց հոսպիտալացնելու համար։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։
Աղբյուրը՝ armeniasputnik.am