Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա արտահագուստ, որը կկրի իր հողն ու այգին մշակելիս, իսկ երեկոյան պետք է իր կնոջ հետ նստի մեքենա ու գնա կինոթատրոն, թատրոն կամ սրճարան։
Այսպիսին պետք է լինի մեր գյուղը, այսպիսի կյանքով պետք է ապրեն մեր հարգարժան գյուղաբնակ քաղաքացիները։ Իսկ նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի այսօրվա խոսքը, համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ, տանջված, կռացած, սևացած, հոգնած… Ոչ ու նորից ոչ։
Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ ու հաճույք ստանա իր աշխատանքից՝ վայելելով դրա արդար պտուղները։ Սա առաջին հերթին մտածողության խնդիր է բոլորիս համար»։