Հուսով եմ, որ հիվանդների թիվն այն աստիճան չի հասնի, որ առողջապահական համակարգը չկարողանա այլևս տիրապետել իրավիճակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` անդրադանառնալով կորոնավիրուսի տարածման արձանագրված վերջին ցուցանիշներին:
«Թեև ես կարծում եմ, որ իրավիճակը ներկայումս էլ անվերահսկելի է, քանի որ վերահսկելի էր այն ժամանակ, երբ գիտեինք, թե ով, որտեղից է վարակվել: Հիմա քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, անվտանգության կանոնները պահպանեն, որ շատ չտարածվի: Կառավարությունը իր վերահսկողական, կախարգելիչ ֆունկցիաներում արդեն իսկ ձախողել է և ավելին սպասել անիմաստ է»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իշխանությունը չհետևեց իրենց կոչին` սկզբնական փուլում դրսից եկող մարդկային հոքերը կանխելու հարցում: «Մեզ ասում էին, որ պոպուլիզմով ենք զբաղված և իրենք քարոզարշավ էին անում ու պինցետով ու տնական օղիով սպառնում էին` կորոնավիրոսը վերացնել, իսկ առողջապահության նախարարը հայտարարում էր, որ սա սովորական վիրուս է, և գրիպից չի տարբերվում, որ դիմակներ դնելն անիմաստ է: Հետո երբ որոշ ժամանակ անցավ և մտան սահմանափակումները, մարդիկ շարունակեցին անլուրջ վերաբերել և երբ առավելևս սահմանափակումները հանվեցին, քաղաքացիների մոտ անլուրջ վերաբերմունքն ավելի խորացավ»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի` այս ընթացքում պարետատունն անընդհատ անտրամաբանական որոշումներ էր կայացնում, որոնցից հետո ստիպված էր լինում հրաժարվել և որպես օրինակ նշեց` մեքենայով բացի վարորդից մեկից ավելի ուղևոր չունենալը: «Հիմա բոլոր նախաձեռնած միջոցառումներին քաղաքացիները նույն անլրջությամբ են վերաբերում, հետևաբար մենք ունենալու ենք դեպքերի ավելի աճ: Եթե նույն Վրաստանի հետ համեմատենք, ապա տեսնում ենք, թե ինչ նախանձելի դանդաղությամբ է տարածվում վիրուսը, և ինչ նախանձելի լրջությամբ է կառավարությունը վերաբերում այդ ամենին»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ երկրներ կան, որոնք գրեթե ոչ մի սահմանափակում չկիրառեցին, իսկ մյուս դեպքում ժամանակին ճիշտ միջոցառումներ ձեռնարկեցին, ինչպես Ճապոնիայում, Վրաստանում և դա էլ բերեց վիրուսի դանդաղ տարածմանը:
Ըստ պատգամավորի` կառավարությունը հղում է կատարում քաղաքացիների բարձր հասարակական գիտակցության վրա, և որևէ քայլ չի արել, որ այդ գիտացկցությունը բարձրանա և լուրջ վերաբերմունք ձևավորվի խնդրի վերաբերյալ, այլ հակառակը: